Վարչապետն իր մասին ֆիլմ է նկարել

Վարչապետն իր մասին ֆիլմ է նկարել
Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է իր ղեկավարած կառավարությունը սուր, քննադատության ենթարկողներին հակահարված տալ «Փոփոխությունների ժամանակը» ֆիլմով: Այն ներկայացնում է Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատանքը 2007-2011 թվականներին: «Աշխատանքային մեկնարկ ոչ նախանձելի պայմաններում, ճգնաժամով պայմանավորված տնտեսության երկնիշ անկումից հետո՝ տնտեսության հետեւողականորեն եւ բազմաճյուղ կայունացում, բարեփոխումներ , որոնց շարունակականությունը միայն կնշանակի հասարակության բարեկեցություն. մի մակարդակ, որին ձգտում է կառավարությունը…»,-այս բնութագրմամբ ֆիլմը տեղադրվել է «YouTub»-ում, ինչպես նաեւ իր ֆեյսբուքյան էջում: «Հրապարակին» հասած տեղեկություններով, վարչապետը չի բավարարվել իր ղեկավարած շրջանին նվիրված դիֆերամբը միայն ինտերնետ տիրույթում տեղադրելով, ֆիլմի կրկնօրինակներն ուղարկել է նաեւ իրեն խիստ քննադատության ենթարկող ընդդիմախոսներին՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանին, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին, ինչպես նաեւ Վարդան Օսկանյանին:



Թե նրա «կրիտիկներն» ինչ զգացողություններ են ունեցել վարչապետի ռեժիսորական գլուխգործոցը դիտելով՝ փորձեցինք պարզել իրենցից: Հրանտ Բագրատյանն ասաց, որ «Ֆեյսբուքում» ալբոմ է տեսել վարչապետի  աշխատանքների վերաբերյալ: «Ալբոմին ի՞նչ գնահատական տամ, նկարներ են, «Թումո» կենտրոնն ա: Բավականին գեղեցիկ, նախշազարդ ալբոմ էր»,-ասաց Բագրատյանը: Ապա հավելեց, որ ինքը կինոգետ չէ, որ վարչապետի ֆիլմը մեկնաբանի: «Մեծ հաշվով կառավարության մակրոտնտեսական գնահատականները ես տվել եմ: Իսկ առանձին ի՞նչ գնահատական տամ ֆիլմին, ռեժիսո՞ր եմ, ի՞նչ եմ»:  Իսկ Վարդան Օսկանյանը հաստատեց, որ իրեն հասել է ֆիլմի կրկնօրինակը, սակայն դեռ չի հասցրել նայել. «Այո, ուղարկվել է, բայց չեմ տեսել դեռ, գիտեք: Դե, եթե նայեմ, իհարկե, կարտահայտեմ կարծիքս: Միգուցե «Ֆեյսբուքով» էլ կարտահայտեմ կարծիքս: Վստահ եմ՝ շուտով կնայեմ»:



Արծվիկ Մինասյանը եւս դեռ չէր հասցրել ֆիլմը դիտել: Սակայն խոստացավ, որ դիտելուց հետո կարծիքը հրապարակային կարտահայտի: «Շնորհակալություն վարչապետին նման ուշադրության արժանանալու համար»,-ասաց Մինասյանը: Այնպես որ, ընտրություններից հետո  վարչապետին ուղղված կրիտիկան կարտահայտվի կինոքննադատության ֆորմատով: