Գտած ձեւը` ուսանելի նախադեպ
Մայիսի 1-ին Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Մաշտոցի պուրակ հերթական ապացույցն էր այն իրողության, որ ապրում ենք ավտորիտար` մենատիրական երկրում, որտեղ իշխանությունը բրգաձեւ ամրոց է: Ասել է թե` բոլոր հարցերը, նույնիսկ ակնհայտ պարզունակ, լուծվում են ոչ թե օրենքով ու պատկան վարչական հաստատություններում նստած, բարձր ու կայուն աշխատավարձ ստացող ղեկավարների, մասնագետների անմիջական գործողություններով ու պատասխանատվությամբ, այլ Բաղրամյան 26-ում, որտեղ էլ, պարզվում է, հենց այդ վիրտուալ բուրգն է: Բրգի գլխին էլ նստած է ամենակարող ու պայծառատես Նորին մեծությունը: Նա էլ տեղում` պուրակում, տասը րոպեում գտավ տաղավարների խնդրի ամենաօպտիմալ լուծումը: «Տարոն ջան, նայի, նայում ենք` էդքան էլ գեղեցիկ չի»:
Տարոնն էլ այնքան ազդվեց խորաթափանց դիտողությունից, որ քիչ մնաց սիրտը կանգ առնի: Տարոնի հուզմունքից այդ օրը բարի «գեղագետ» դարձած Նորին մեծության սիրտն էլ ի պատասխան ցնցվեց. «Տարոն, ամեն ինչ ճիշտ ես արել, քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց իրոք գեղեցիկ չէ, եւ լավ կլինի, որ ձեւը գտնես, այս ամբողջն ապամոնտաժես: Սա կլինի շատ ճիշտ որոշում»: 84 օր տեւած բնապահպանների քաղաքացիական համառ անհնազանդությունը, հասարակագիտական, իրավագիտական, բնապահպանական ու քաղաքաշինական մակարդակներով, այդ թվում Սահմանադրությամբ հիմնավորված ապացույցները, մի քանի րոպե տեւած դիտարկման արդյունքում տեղավորվեցին Նորին մեծության քումքում: Հրաշք կատարվեց:
Բնապահպան անհնազանդների տենչանքն իսկույն ի կատար ածվեց` Նորին մեծությունը տաղավարների ապամոնտաժման հրահանգ տվեց: Տեղում ներկաները նույնիսկ հուզվեցին, չէին հավատում իրենց տեսածին ու լսածին: Ոստիկանների դեմքերին էլ երկար սպասվող հանգստություն ու ժպիտ երեւաց: Փաստորեն, Մաշտոցի պուրակի տաղավարների «ուռճացած խնդիրն» ընդամենը բնապահպանական, ճարտարապետա-քաղաքաշինական մի քանի պարզունակ նորմերի պահպանման, Երեւանի գլխավոր հատակագիծը չապականելու, Երեւանի ճարտարապետական նկարագիրը չայլանդակելու ձեւը գտնելն էր, ուրիշ ոչինչ:
Եվ գտնվեց, առայժմ միայն Մաշտոցի պուրակում, առանց քաղաքապետի, Երեւանի գլխավոր ճարտարապետի, գլխավոր դիզայների, դենդրոլոգի, ավագանու եւ այլոց մասնակցության: Գտնված եւ ուսանելի նախադեպ էր: Այդուհանդերձ մի հռետորական հարց մնաց անպատասխան. ո՞ւմ են պետք այդ հաստիքները զբաղեցնող թանկարժեք պաշտոնյաները եւ ո՞ւմ հացն են ուտում…: Թեեւ մայիսի 1-ը Աշխատավորության համերաշխության միջազգային օրն էր, այդ օրը մեզ մոտ տպավորվեց որպես հայոց մենատիրության պերճանքի եւ թշվառության դրսեւորման հերթական օրը:
Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ
4 մայիսի 2012թ.
Հեռ.` 27 17 68
094 20 86 92
Կարծիքներ