Ինչո՞ւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա կաշառակերություն

Ինչո՞ւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա կաշառակերություն

Փորձում եմ մտքերս ժողովել ու գրել շատ հոգեհարազատ բուհի մասին, որի ճակատագրի հանդեպ անտարբեր լինել չեմ կարող: Ցանկանում եմ սկսել այն ձեւակերպումից, թե ինչու ԵՊԼՀ-ում չկա կաշառակերություն:



2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն էին,  երբ ԵՊԼՀ ուսանողների գնահատականների մուտքագրման եւ պահպանման էլեկտրոնային համակարգում առեղծվածային դեպքեր էին արձանագրվում, երբ ավելի քան յոթ ուսանողների (նրանց թվում նաեւ ԵՊԼՀ մագիստրոսական ծրագրերի համակարգման բաժնի կոորդինատորը, ով 2010թ. նոյեմբերից այլեւս չի աշխատում բուհում)` գրավոր աշխատանքների եւ դեկանատներում պահպանվող ամփոփագրերում առկա գնահատականների անհամապատասխանության դեպքեր էին բացահայտվում:



Քչերն էին գիտակցում, որ բուհը գտնվում է բախտորոշ վիճակում, մինչդեռ այդ բացահայտումների լույսի ներքո բուհի բարձր եւ միջին պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք էին ազատվում աշխատանքից:



Հարց էր առաջանում՝ ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից եւ տալ համապատասխան լուծումներ: Այս նպատակով համալսարանի ռեկտորատի 2 նիստերում (05.11.2010 N8 եւ 26.11.2010 N9) շարունակաբար քննարկվում եւ լուծումներ էին առաջարկվում: Միայն բուհի ղեկավարի անմիջական մասնակցությամբ եւ  նոր ձեւավորված աշխատանքային խմբի տքնաջան աշխատանքների շնորհիվ գնահատականների մուտքագրման եւ պահպանման արդեն գոյություն ունեցող UNISTUDENT համակարգին կից ստեղծվեց մի նոր էլեկտրոնային համակարգ, որտեղ ուսանողների միջանկյալ եւ ամփոփիչ քննությունների գնահատկանները մուտքագրվում էին ամբիոններում, իսկ համակարգն արգելափակվում էր 48 ժամվա ընթացքում:



Դեկանատների աշխատակիցները հնարավորություն  ունեին արտահանել ու տպել գնահատականների ամփոփագրերը` առանց որեւէ փոփոխություն կատարելու հնարավորության: Հետեւապես, գնահատականների մուտքագրման եւ պահպանման էլեկտրոնային համակարգն այնքան էր խստացվել, որ դասախոսների կողմից գնահատականների հետագա կողմնակալ փոփոխությունները դրանում դարձել էին անհնար: Միաժամանակ, ռեկտորատի վերոգրյալ նիստերում նաեւ քննարկման առարկա էին դարձել համալսարանի ամբիոններում տեղակայված տետրերի ու դեկանատներում պահպանվող ուսանողների ամփոփիչ քննությունների ամփոփագրերում զետեղված գնահատականների համապատասխանության ուսումնասիրությունները:



Ներհամալսարանական այդ գործընթացի արդյունքում թվով յոթ ուսանողներ կրկին անգամ հանձնեցին այն բոլոր առարկաների գրավոր աշխատանքները, որոնց գնահատականների փոփոխությունների «դառը» փորձը ԵՊԼՀ ռեկտորատը 24.02.2012թ. N22 նիստի որոշմամբ հաստատեց «Ուսանողների գիտելիքների ստուգման ժամանակացույցի, արդյունքների ամրագրման եւ բողոքարկման կարգը», որը կաշառակերությունը բուհում մոտեցրեց զրոյական մակարդակին:



Բուհի շուրջ վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները եւ բարի համբավը վարկաբեկող գործընթացներն անտեսում են բուհի ղեկավարության եւ համապատասխան ստորաբաժանումների կողմից վերջին տարիներին թափանցիկություն եւ անաչառություն ապահովելու նպատակով կատարած ահռելի աշխատանքը:



Ներկայացնելով այս ամենը, ցանկանում եմ նշել, որ կաշառակերության բացակայությունը բուհում ոչ թե բուհի ղեկավարի կողմից ստեղծված «վախի մթնոլորտի», այլ նույն ղեկավարի կողմից համակարգի կանոնակարգման եւ խստացման արդյունքն է: Բնավ էլ այն դուր չի գալիս շատերին:



Հոդվածիս վերջին հատվածում կուզենայի որոշակի անդրադարձ կատարել տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, այդ թվում ս.թ. մայիսի 4-ին «Hayeli.am»-ին տրված ԵՊԼՀ պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանի հարցազրույցին, եւ նշել մի շատ կարեւոր հանգամանք, որ տարիներ առաջ տիկին Խաչատրյանը ոչ պաշտոնական հավաքույթների եւ հանդիպումների ժամանակ, սակայն, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ «Վ.  Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը» «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» վերանվանվելու կապակցությամբ եւ ընդհանուր առմամբ ասում էր, որ համալսարանի շենքի առջեւ տեղակայված Բրյուսովի արձանի փոխարեն Ս. Զոլյանի արձանը պետք է տեղադրել:



Այդ լուրերն անգամ ուսանողների շրջանում էլ էին պտտվում, ինքս այդ ժամանակ դեռ ուսանող էի: Հարց է առաջանում՝ ի՞նչն է դրդել հարցազրույց տված պրոֆեսորին այդպիսի կտրուկ փոփոխությունների գնալ, կարծես թե երկու պարագայում տարբեր մարդիկ լինեն:



Կամ ս.թ. մայիսի 3-ին «Aravot.am»-ին տված գերմանացի պրոֆեսոր Մաթիաս Ֆրիցի գնահատականի կապակցությամբ կարող եմ ասել, որ որպես պրոֆեսոր կամ ամբիոնի վարիչ, ով աշխատում էր ԵՊԼՀ-ում շուրջ 4 տարի, ընդհանուր առմամբ աչքի չէր ընկնում նախաձեռնողականությամբ: Ի վերջո, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպանատունը ՀՀ-ում առաջարկեց նոր պրոֆեսորի թեկնածությունը, ով դասավանդելու է ԵՊԼՀ-ում 2012-2013 ուսումնական տարվանից:



Եվ վերջապես, ս.թ. մայիսի 3-ին ԵՊԼՀ 178  դասախոսների եւ ուսանողների նամակը, ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԳ նախարարին, վկայում է, որ մարդիկ ուզում են արտահայտել իրենց մտքերը բուհում տիրող իրավիճակի եւ Սուրեն Զոլյանի, որպես ռեկտորի, գործունեության մասին: Սակայն հատկանշական են այն դեպքերը, թե ինչպես են 11 էջ զբաղեցնող ստորագրությունները հավաքագրվել. երբ բուհից վաղուց ազատված մարդկանց զանգահարել եւ հրավիրել են ստորագրելու (այդ պարագայում նամակի վերջում հարկ էր նշել ԵՊԼՀ նախկին եւ ներկա դասախոսներ) կամ սպիտակ А4 ձեւաչափի թղթերի վրա առանց ստորագրահավաքի տեքստն ամրագրելու դասախոսներին առաջարկել են գրել իրենց անուն-ազգանունները եւ ստորագրել (իհարկե, հարց է ծագում՝ ինչպիսի տեքստ են բանավոր ներկայացրել դասախոսներից յուրաքանչյուրին, ով ստորագրել է):



Որպես գրածիս վերջաբան հավելեմ. իհարկե, բուհում տիրող ներկայիս իրավիճակը եւ դրա շուրջ զարգացումները կարելի է ներկայացնել տարբեր տեսանկյուններից, սակայն, ցանկացած քայլ ձեռնարկելիս յուրաքանչյուրին հարկ է կանգ առնել ու մտածել դրա հետեւանքների մասին:



Գոհար ԱՎԵՏԻՍՅԱՆ



ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար



ԵՊԼՀ դասախոս եւ շրջանավարտ