Սրճարանային սկիզբ ունեցող հարաբերություններ

Սրճարանային սկիզբ ունեցող հարաբերություններ
Գիրուկ, ջինսե կարճ փեշ ու բլուզ հագած երգչուհին հազիվ շարժվում է բեմի վրա: Նրա ծանրումեծ շարժումներից նկատելի է, որ քաշը խանգարում է: Գուցե նրան նաեւ ասել են, որ հայ աղջիկը պետք է իրեն ծանր պահի, որ հայտնի վարքի տեր աղջկա տպավորություն չթողնի: Ոչինչ, որ գիշերային բացօթյա սրճարանում է երգում, գոնե շարժումներն ու պահվածքը պետք է համեստ, տան աղջկա լինեն: Ցավոք, ձայնն էլ առանձնապես մի բան չէ. բարձր տոները համարյա չի վերցնում, դրա համար էլ «բեկ-վոկալի» նմանվող հնարք են բանեցրել. ֆոնում երգերը կատարող հիմնական երգչի կամ երգչուհու ձայնն է հնչում: Դա երեւի փրկում է ձախողվելուց. մարդ ես, մեկ էլ տեսար ձայնը լրիվ խզվեց:



Բայց սրճարանի ժողովուրդն այնքան էլ խստապահանջ չէ. ոչ միայն լսում է չաղլիկ աղջկա երգը, նաեւ ծափ է տալիս, ուրախանում, անգամ երգ պատվիրում: Սեղաններից մեկի մոտ մի խումբ տղաներ են նստած, գարեջրի շշերի քանակը խոսում է ընդունած ալկոհոլի չափի եւ ստեղծված տրամադրության մասին: Բարձր խոսում են, քրքջում, ինչ-որ ռեպլիկներ թողնում ջինսե երգչուհու հասցեին: Բայց երբ կողքի սեղանին երկու աղջիկ են նստում, երգչուհին անմիջապես ազատվում է նրանց ռեպլիկների հասցեատիրոջ դերից: Սկզբում միայն հայացքներ են նետում աղջիկների ուղղությամբ, ինչ-որ բան փսփսում, հետո սկսվում է «կապելու» պրոցեսը:



Լավ է, որ աղջիկներն էլ առանձնապես դեմ չեն, գուցե հենց այդ նպատակով էլ եկել են: Մեր սեղանից խոսակցությունը լավ չի լսվում, բայց դեպքերն արագ են զարգանում. շուտով աղջիկները տեղափոխվում են տղաների սեղանի մոտ: Գարեջրի շշերն ավելանում են, աղջիկները ծխախոտ են կպցնում: Բայց աղջիկ-տղա հարաբերակցությունն անհավասար է, շուտով տղաներից երկուսը հեռանում են՝ ինձ թվում է վիճակահանության արդյունքում, մնում են երկու-երկու: Քեֆը գնալով թեժանում է: Տղաները սկսում են աղջիկների պատվին երգ պատվիրել:



«Հաբիբին» երեք անգամ լսելուց եւ մի 6 շիշ գարեջուր խմելուց հետո զույգերը սկսում են համբուրվել, եւ տղաները փորձում են «ապրանքը»ձեռքերով հենց տեղում լավ տնտղել: Սրճարանում շատ մարդ չկա, իսկ խմիչքն էլ երեւի մոռացնել է տվել եղածների ներկայությունը: Փորձում եմ կանխատեսել երեկոյի ավարտը: Դատելով ծանոթացողների կրթական ու բարոյական ցենզից, դժվար չէ պատկերացնել, որ նրանք շուտով կփակեն հաշիվը եւ աղջիկներին կտանեն որեւէ հաստատություն, որտեղ կենցաղային ու հիգիենիկ ոչ նախանձելի պայմաններով սենյակ կվարձեն եւ աղջիկների հետ անկողին կմտնեն:



Դժվար է ասել, թե այդ երեկոն ինչ ավարտ կունենա. գուցե տեսարանն ավարտվի վեներոլոգիական դիսպանսերում՝ շատ փող, նյարդեր ու ժամանակ ծախսելով: Գուցե ավելի երջանիկ ավարտ ունենա. ասենք, այդ երիտասարդներն այլեւս երբեք իրար չհանդիպեն: Կամ էլ երեկոյի արդյունքում ընկերություն ծնվի, որը քիչ հավանական է: Դե, սրճարանային սկիզբ ունեցող հարաբերություններին հավատալու համար պետք է մեծ ռոմանտիկ լինես:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ