Մոմերով եւ ծաղիկներով երթ

Մոմերով եւ ծաղիկներով երթ
Մայիսի 8-ին Հայաստանում գրանցված 12 ազգային փոքրամասնությունների եւ նրանց միավորող «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հավաքվել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական Մեծ Պատերազմի եւ Շուշիի ազատագրման ժամանակ հերոսաբար զոհվածների անմահ հիշատակին:

Նրանք «Հայրենապաշտ» եւ «Ռոսիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, Կասկադ համալիր-Հաղթանակի զբոսայգի երթուղով, անցկացրեցին մոմերով ու ծաղիկներով երթ նվիրված Հայրենական Մեծ Պատերազմի 67-րդ տարելիցին եւ Շուշիի ազատագրման 20 ամյակին:

Հավաքվելով Մայր արձանի մոտ ելույթ ունեցան Հայաստանում ռուսական համայնքի ղեկավար Յուրի Յակովենկոն, «Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաեւ «Հայրենապաշտ» միության նախագահության անդամ Արման Կարապեյանը:

Ռուսական համայնքի ղեկավարի խոսքով, Հայրենական Մեծ Պատերազմին նվիրված երթը արդեն ավանդույթի է վերածվել եւ սա երրորդ տարին է, ինչ այն անցկացվում է:

Երթը ամփոփվեց ներկաների հայրենանվեր երգերով, ողջույններով եւ արտասանությամբ:

Նշենք, որ «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը միավորում է Հայաստանում գրանցված 12 ազգային փոքրամասնությունները: