Պուճուր Անահիտի սիրուն Ղարաբաղը

Պուճուր Անահիտի սիրուն Ղարաբաղը
Կան բաներ, որ անընդհատ մտքումդ գրվում են, գրվում, գրվու~մ: Ու այդպես էլ մնում են մտքիդ մեջ: Մի օր կգրեմ, մի օր, երբ մի քիչ էլ մեծանամ, մի 15 կամ 20 կամ էլ 30 տարի  հետո: Չգիտեմ: Սա առաջին փորձն է այս թեմայով: Տանը կռիվ էր, վեճ: Ես հինգերորդ դասարանում էի սովորում, եղբայրս`վեցեորդում: Գնացինք Ղարաբաղ, գնացինք էնտեղ ապրելու:



Մանան բժիշկ է, դեռ էն ժամանակ էր ուզում գնալ Ղարաբաղ, կռվի տարիներին...մենք փոքր էինք.............ուժեղ կին է, ես իր նման չեմ… հիշում եմ, ասում էր` «բա ում համար են հողերը գրավել, ում համար են կռվել տեղերքը, զոհվել, որ չենք գնում էնտեղ ապրելու»: Պապան դեմ էր: Այն ժամանակ Ղարաբաղ գնացողների մեծ մասը կամ տուն չուներ, կամ պարքերի մեջ էր.կամ….կամ…., մենք համ տուն ունեինք, համ էլ պարտքեր չունեինք: Բայց գնացինք: Թե ոնց նախապատարստվեցինք` գրքերի կապոց, իրեր, պայուսակներ, շորեր,  ինչ վիճակ էր տանը, պապան ու մաման, մենք: Ոնց գնացինք, ոնց հասանաք, հետո, հետո կգրեմ, երկա~ր, երկար կպատմեմ, որովհետև շատ բաներ կան պատմելու:



Սկզբում ապրում էինք մամայի ընկերուհու տանը, (մինչև մեզ տուն տային) ով նկարչուհի էր, ծխում էր, դպրոցում գծագրություն ու նկարչություն էր տալիս, ու մեզ շատ էր սիրում, հատկապես սպիտակ, կյաժ, խաժ աչքերով եղբորս:



Տունը երկհարկանի էր, առաջին հարկը նկուղ էր, խոնավ ու մութ, էնտեղ հին նամակներ կային ռուսերենով, ու ես կարդում էի նամակները, բացիկների ներսում գրածը, բայց հիմա ոչինչ չեմ հիշոմ բովանդակության մասին,միայն բացիկների խունացած ու խոնավ ինչ-որ գույն հիշեցնող մակերեսն եմ կարողանում մտաբերել: Երկորդ հարկում միայն մի սենյակն էր վերանորոգած, որտեղ էլ կախված էին Լաուռա մորաքորջ( էդպես էինք դիմում մամայի ընկերուհուն ) նկարները: Ծխում էր ու նկարում: Սիրուն էր ծխում: Շատ սիրուն: Մի հին մոգնիտոֆոն ուներ, Ներսիկ Իսպիրյան էինք լսում` «Ղարաբաղ, միշտ կանգուն մնաս, Ղարաբաղ...»:



Որոշել էի դաշնամուրի գնալ, երաժշտական դպրոց կար, մի օր ինքնագլուխ վեր կացա, գնացի, ասացի`ուզում եմ գալ դաշնամուրի, հաջորդ օրը մամայի հետ գնացի, ասացին`սոլֆեջոյի էլ պետք է գնամ: Երևանից ինձ համար հատուկ նոտայի տետրեր ուղարկեցին: Հիշում եմ`սեղանի վրա իբր նվագում էի, ընկեր Էմման էդպես էր ասել, ու ոնց էի ափսոսում, որ մեր տանը կար դաշնամուր, իսկ էստեղ`չկա:  Տունը շատ հեռու էր դպրոցից: Շատ-շա~տ:



Դպրոց գնալը ինձ համար անտանելի երկար ու դժվար էր: Կային մարդիկ, ովքեր մենքենայով էին գալիս: Ես միշտ նախանձից մեռնում էի, որ մեր ռուսերենի դասատուն աղջկա հետ ամեն առավոտ նիվայով էր դպրոց գալիս: Չսիրեցի էդ նիվաները: Դեռ էն ժամանկներից: Հիշողություններս դպրոցի մասին շատ են, շատ-շատ: Նորելուկ դասատուներ Երևանից եկած, հիշում եմ հատկապես գրականության ուսուցչուհուն, ջահել աղջիկ էր: “Առավոտ լուսոն” եմ հիշում:  5 ստացա: Մամա ջան, էս ինչքան բան եմ հիշում: Մի անգամ մերոնք խոսում էին մեզ հյուր եկած մարդկանց հետ: Լսեցի: Ասացին, որ շրջակա տարածքը ականազերծված է:



.........Որ տուն էի գալիս, պատահում էր, որ տանը մարդ չէր լինում, մաման ու ընկերուհին գործի էին լինում, եղբայրս` դասի, ես գաղտնի ամեն օր ման էի գալիս մեր տան կողքի ավերակ տներում: Շրջակա տներում մարդ չէր ապրում, հարևաններ չունեինք: Հարևան բոլոր տները վառված էինք: Տան դիմաց ձոր էր, ի~նչ անտառներ էին, գժվել կարելի էր: Բա արձագանքը: Հիմարի նման ձայնս գլուխս գցած գոռգռում էի, ու անտառները արձագանքում էին: Կարող էի ժամերով էդպես գոռալ ու խոսել, ոնց որ զրուցեի անտառի հետ: Մեկ-մեկ էլ ինձ համար փախուստի պլան էի մշակում, եթե հանկարծ արջ հայտնվեր, հիմար էի էլի:



Դիտմամբ  շուտ տուն էի գալիս ու ման էի գալիս այրված տներում:



Տներ` մեծ, փոքր, տներում ծառ, խոտ, ինչ ասես: Ամենասիրածը մի մեեեեեեեծ, շատ մեծ, երեք հարկանի տուն էր, ամբողջը այրված էր, միայն երկաթե աստիճաններն էին մնացել ու պատերը, մեծ լուսամոտներով բարձրահարկ տուն էր, երևի ժաամանակին տեղի հարուսներից մեկինն է եղել. մի քանի անգամ հասցրել եմ բարձրանալ միչև երրորդ հարկ. գերագույն հաճույք էր ինձ համար, ոնց որ Ջոմոլունգման էի բարձրացել: Փոքր, թեթև երեխա էի:  Շատ տխուր էին  այրված, լքված, անտեր տները: Գնում էի, ժամերով շրջում, ուզում էի կենցաղային իրեր գտնել, կամ էլ ինչ-որ բան, որը կպատմեր տան տերերի մասին: Ոչինչ չկար: Ոչինչ: Ոնց որ հրեշ լինեին , անատամ հրեշներ, մանավանդ մի տուն կար, որի “պատուհանից” ծառ էր դուրս գալիս, էդ մեկը շատ վախենալու էր:



Չգիտեմ` ինչի, բայց էդ մեկը հատկապես սարսափեցնում էր ինձ: Հետո մի օր մերոնք շուտ տուն եկան ու պարզեցին, որ տանը չեմ, ու դրանից հետո`հաջողություն տներով ֆռֆռալ: Գոռգռացին, որ վտանգավոր է, որ օձ կլինի, կամ էլ ական, կամ էլ ուրիշ`ավելի վտանգավոր բան: Բայց ես մտքիս մեջ կրկնում էի, մտքիս մեջ ըմբոստանում էի`”բայց ախր էն մարդն ասեց, որ Բերձոր քաղաքի ամբողջ տարածքը ականազերծ ա”: Բայց էդպես էլ ձեն չհանեցի:



Անձրաջուրը հավաքում էինք. կտուրից թափվող խողովակի տակ մեծ երկաթից աման էր դրած, ամանի մեջ շերեփուկներ շատ կային, ես սիրում էի նայել էտ պուճուրիկ ձուկիկների լողին: Տան կողքին շիրոտ թզի ծառ կար: Շատ համով թուզ էր: Կյանքումս էլ նման համ ունեցող թուզ չեմ կերել: Էնքան բան կա հիշելու: Մի ամիս ապրեցին: Հետո ետ եկանք: Պայմաններն ահավոր էին: Մի օր երկար կգրեմ ամենի մասին, հուսամ`կգրեմ:



Դատարկ, այրված տներ, էտեղից էնտեղից եկած հուսահատ, անճար մարդիկ,  տխուր երեխաներ: Նոր-նոր էր ամեն ինչ: Իսկական քաոս էր:



Զգացողություններ կան, որ երբեք չեն մեռնում, երբեք չես մոռանում:



10 տարի հետո նորից գնացի Ղարաբաղ: Կարոտած էի: Շատ էի կարոտած: Բերձորի միջով անցանք: Ներսս տակնուվրա եղավ: Ամեն ինչ նորից հիշեցի:



Էսօր մայիսի 9-նն է: Հենց էսօր կարողացա ուժ գտնել ու գրել գոնե մի երկու տող իմ Ղարաբաղի մասին: Պուճուր անահիտի տեսած սիրուն, չքնաղ Ղարաբաղի:



Մի տեսակ հուզվում եմ: Չեմ ուզում ճառել, ամպերին հասնող բառեր ասել`հաղթանակ, եսիմինչ: Հաղթանակը մարդն է, չհուսահատ, լավատես, ապրող, պայքարող, հավատացող, կյանքին հավատացող մարդը: Ինչպիսին է էսօր մարդը, հենց էդպիսին էլ մեր հաղթանակն է:



Ղարաբաղ գնալուց միշտ հուզվում եմ: Ուրիշ հուզմունք է: Ուրից զգացողություն: Խիստ մենակ ու անձնական հուզմունք:



Անահիտ Ղազարյան