Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը

Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը: Այս մասին հայտնել է նրան բուժող գերմանացիբժիշկը` Լուտց Հարմսը: Հիշեցնենք, որ Տիմոշենկոն հացադուլ էր հայտարարել ապրիլի 20-ից` ի նշան բողոքի` ուղղված իշխանությունների գործողությունների: Նախկին վարչապետի դուստրը` Եվգենիա Տիմոշենկոն, երեկ հայտնել էր, որ հացադուլի արդյունքում իր մայրը նիհարել է տասը կիլոգրամով: Այս պահին Տիմոշենկոն գտնվում է Խարկովի հիվանդանոցում: Ընդ որում, նախկին վարչապետը հայտարարել էր, որ չի վստահում Ուկրաինայի առողջապահության նախարարության բժիշկներին: Այդուհանդերձ Տիմոշենկոն այս պահին համաձայնել է բուժումն ստանալ Խարկովի հիվանդանոցում: Բժիշկների խոսքով` Տիմոշենկոյի բուժումը կարող է տեւել մի քանի ամիս:



Նշենք, որ Տիմոշենկոն 2011 թվականին դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման` պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Ինքը` Տիմոշենկոն, իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: