Արժանապատվության հաշվին ոչինչ չի կարելի անել՝ անգամ սիրել

Արժանապատվության հաշվին ոչինչ չի կարելի անել՝ անգամ սիրել
"Պատկերացնո՞ւմ ես՝ ինձ համար ամեն ինչի պատրաստ է, ասում է՝ ով մոտենա քեզ, կոչնչացնեմ, իմ ձեռքով կխեղդեմ, մի վայրկյան կողքիցս չի հեռանում, վախենում է աղջիկներն ինձ իրանից խլեն",- հպարտորեն գլուխ է գովում իմ ընկեր Խորենը՝ պատմելով իր հերթական ընկերուհու մասին: Ես զարմանքից կլորացած աչքերով լսում եմ նրա պատմությունն ու հետաքրքրասիրությունից մղված՝ հարցեր տալիս. հետո՞, իսկ ինչպե՞ս է պատրաստվում ոչնչացնել, իսկ չե՞ս հոգնում իրենից, իսկ դո՞ւ ինչ ես ուզում` քեզ դո՞ւր է գալիս էդ պահվածքը:



Պարզվում է՝ այդ բոլորն այնքան էլ էական չէ, ընկերոջս փառասիրությունը շոյվում է, որ կինն իր համար պայքարում է, կենաց-մահու կռիվ տալիս: Ես ավելի քան զարմացած եմ՝ ինձ միշտ թվացել է, թե տղամարդիկ չեն սիրում կպչուն, իրենց օր ու արեւ չտվող, իրենցից մի վայրկյան պոկ չեկող աղջիկներին: Կարծել եմ, թե տղամարդիկ, որպես կանոն, շուտ են հոգնում, նրանց ավելի շատ ազատություն է պետք: Հետո՝ ուժով, զոռով, պարտադրանքով սիրել չես տա՝ մարդը պետք է զգա, որ ինքն ազատ ընտրության իրավունք ունի եւ ինքն է ընտրել, ոչ թե իրեն են ընտրել: Պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ՝ լինում են նաեւ այլ դեպքեր:



Տղամարդու մի տեսակ կա, որ սիրում է, երբ իր համար պայքար է գնում, նրա ինքնասիրությունը շոյվում է, երբ տեսնում է, որ ինքը կռվախնձոր է, կանայք պատրաստ են իր համար "մազ փիտել", "փոր թափել": Հավանաբար՝ ինքնագնահատականն է բարձրանում, ինքն իր աչքում մեծ ու արժեքավոր գործոն է դառնում: Իհարկե, այս կռիվը որեւէ կապ չունի սիրո ուժգնության հետ: Սա դաստիարակության, տեսակի հետ կապված խնդիր է. մեկը պատրաստ է ատամներով պայքարել իր սիրո համար, մյուսը մրցակցություն զգալուն պես նահանջում է, երրորդը, մրցակցի առաջին իսկ ապացույց արձանագրելով, որոշում է վրեժ լուծել եւ ուղղակի նետվում է ուրիշի գիրկը:



Իմ ընկերներից մեկը, օրինակ, ասում է. "Իմ արժանապատվությունն ավելի բարձր արժեք է, քան սերը": Ես սրան հակադարձում եմ, ասելով՝ ուրեմն դու երբեք իրական սիրով չես սիրել: Բայց հոգուս խորքում ինչ-որ տեղ համաձայն եմ նրա հետ՝ արժանապատվության հաշվին ոչինչ չի կարելի անել՝ անգամ սիրել: Այն պահին, երբ դու զգում ես, որ քո անձը տուժում է, քո արժանապատվությունը ոտնահարվում է, քեզ կարող են տրորել, պետք է կանգ առնել: Անարժանապատիվ մարդուն ոչ ոք չի կարող երկար սիրել՝ այդ սնապարծությունը, թե՝ տեսեք ինչպես են ինձ համար պայքարում, ժամանակավոր հանգրվան է, կարճատեւ ուղի: Դրա վրա հնարավոր չէ երկարատեւ ու հիմնավոր հարաբերություններ կառուցել:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ