Հաղթանակի օրը՝ զոհերով ու կրակահերթի տակ

Հաղթանակի օրը՝ զոհերով ու կրակահերթի տակ
Հաղթանակի տոնին ընդառաջ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության բանակում շարունակում են գրանցվել զինծառայողների մահվան դեպքեր: Մասնավորապես ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Սոտքի զորամասերից մեկում մայիսի 8-ին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Զինծառայող Սամվել Ավետիսյանը, ըստ նախնական վարկածի, իր ինքնաձիգով կրակել է կոկորդին, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել եւ տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է գնում: Սակայն լուրեր են շրջում, թե զինծառայողն ինքնասպանություն չի գործել, այլ նրա վրա կրակել են, եւ, ինչպես հաճախ է արվում, փորձում են այս դեպքը եւս անցկացնել ինքնասպանության փորձի անվան տակ: Երկրորդ դեպքը գրանցվել է երեկ` ԼՂՀ  Ստեփանակերտի զորամասերից մեկում: Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը մահացել է: Նախնական տեղեկությունների համաձայն, նա հանկարծամահ է եղել ֆիզպատրաստության ժամանակ: ԼՂՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանը հաստատել է զինվորի մահվան դեպքը` չմանրամասնելով պատճառները:  Զինծառայողների մահվան եւ ինքնասպանության փորձից զատ, մայիսի 8-ին, երեկոյան ժամը 21:00-ից մինչեւ գիշերվա 2-ը գնդակոծվել են Տավուշի մարզի Մովսես ու Չինարի գյուղերը: Բարեբախտաբար, կրակոցներից տուժողներ չեն եղել, միայն վնասվել են տները: Կրակոցների պատճառով տոնական միջոցառումները որոշ գյուղերում հետաձգվել են: