Մի քանի սցենար

Մի քանի սցենար
Այս օրերին ողջ հանրությունը զբաղված է մի հարցի քննարկումով՝ կկայանա՞ արդյոք ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան: Ամենապրագմատիկները կանխատեսում են՝ այո: Տեւական ժամանակ իշխանական կերակրատաշտի մոտ գտնված մարդիկ դժվար թե հրաժարվեն այդ «հաճույքից»՝ հանուն անորոշ հեռանկարի: Անգամ եթե այդ հեռանկարը մեկ տարի անց կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալն է եւ մեկ տարվա զրկանքի դիմաց նախագահ ունենալու ռեալ հնարավորությունը: Առավել ռոմանտիկները կարծում են, որ ԲՀԿ-ն չի գնա «ինքնասպանության»:



Նկատեք, որ ինքնասպանություն են որակում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը: Այս տեսակետի կողմնակիցները, ըստ էության, բավական բարձր կարծիքի են «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա ղեկավարի մասին: Կարծում են, որ կոալիցիա մտնելը կնշանակի, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին քննադատում էր միայն մի նպատակով՝ «որ ընդդիմությունից ձայներ խլի»: Կա նաեւ երրորդ տեսակետ. սրա կրողներն այն անձինք են, ովքեր «դավադրությունների տեսության» կողմնակից են եւ կարծում են, որ հայաստանյան իշխանությունը բազմաքայլ կոմբինացիաներ է մշակում եւ իրականացնում: Ըստ այդմ, այժմ սեղանին դրված է մի «կոլցո» օպերացիա, որի մեջ մտնում է ԲՀԿ-ին ընդդիմություն դարձնելը եւ հանձին ԲՀԿ նախագահության թեկնածուի՝ ձեռնտու մրցակից ունենալը:



Եթե ԲՀԿ-ն շարունակի «քլնգողի» իր դիրքորոշումը, ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում եւս մեծ թվով ձայներ կտանի եւ իրական ընդդիմությանն ու Սերժ Սարգսյանի իրական մրցակիցներին կզրկի ցանկացած շանսից: Մեր օրերում որեւէ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է՝ կարող է իրականություն դառնալ ամենաանհավանական սցենարը, ուստի ես չեմ բացահայտի, թե որ կարծիքի կողմնակիցն եմ: Կապրենք՝ կտեսնենք, թե դրանցից որն է իրականություն դառնալու: