Իշխանությունը քառատոն էր նշում

Իշխանությունը քառատոն էր նշում
Խորհրդարանական ընտրությունների հաղթական  խումհարային տրամադրությունների ներքո իշխանական  վերնախավը երեկ բարձրացավ «Հաղթանակի» զբոսայգի՝ մասնակցելու մայիսի 9-ի եռատոնին նվիրված շքահանդեսին: ՀՀԿ-ի ժպիտների առատությունից ակնհայտ էր, որ իրենց համար այս Մայիսի 9-ը քառատոն է, այլ ոչ թե եռատոն: Մասնավորապես ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն աննախադեպ ուրախ էր եւ աչքի էր ընկնում իր գերակտիվությամբ: Նա նույնիսկ, պահը չկորցնելով, ֆոտոսեսիա կազմակերպեց ու հերթով նկարվում էր նորընտիր կին պատգամավորների հետ: ՀՀԿ տիկնայք իրենց մոտ եղած լուսանկարչական ապարատները տվեցին ծանոթներին՝ հանձնարարելով իրենց նկարել Սամվել Նիկոյանի հետ, քանի դեռ նա ԱԺ խոսնակ է: Նիկոյանի հետ «անմահանալու» պահանջարկը մի տեսակ հրաժեշտի տպավորություն էր ստեղծում: Ի տարբերություն կուսակցի՝ Տիգրան Սարգսյանն ավելի զուսպ էր եւ ողջ ընթացքում գրեթե մեջքով դեպի Նիկոյանը՝ զրույցի էր բռնվել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ: ՀՀԿ-ի սիրտը չունեին  ԲՀԿ եւ ՕԵԿ-ական նախարարները:



Նախկին կոալիցիայի այս հատվածը խմբվել էր փոքր-ինչ հեռու ու մտահոգ զրուցում էր: Իշխանության ներկայացուցիչներն առանձնակի ջերմությամբ հատկապես ողջագուրվում էին «հանրապետական» թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հետ: Իսկ հանդիսության տպավորիչ հատվածը ճաշկերույթն  էր: Նկատենք, որ սա քյաբաբներին ու ճոխ ուտեստներին սովոր պաշտոնյաների համար դժոխքի պես բան էր, քանի որ նրանք պետք է ուտեին բրնձով, հնդկաձավարով շիլա, բանակային ուտեստ:



Տիգրան Սարգսյանն ու Նիկոյանը նստեցին մի սեղանի շուրջ: Քաղաքավարությանը զոհ գնալով՝ վարչապետը մի կերպ կուլ էր տալիս իր բաժին շիլան, իսկ Նիկոյանն ախորժակ բացելու արագությամբ վայելում էր «բլյուդը»: Սեղանի թամադան վարչապետն էր ու շնորհավորանքներով ընդհատում էր Նիկոյանի ճաշկերույթը: Դե, տոնական սեղանը ծաղկեցրին լրագրողները՝ քաղաքական դաշտի առաջիկա զարգացումների վերաբերյալ հարցերով, սակայն Տիգրան Սարգսյանը հարցերը փորձեց կանխել՝ հիշեցնելով, որ «այսօր խոսում ենք  հաղթանակների մասին»:



Սակայն ՀՀԿ-ի «հաղթանակն» ավելի հետաքրքիր էր: Խորհրդարանում ձեւավորվելիք կոալիցիայի մասով ասաց, որ բանակցություններ են ընթանում, ինչը Նիկոյանը լրացրեց կենացով. «Խմենք բանակցությունների հաջողության կենացը»: Մեր ռեպլիկին, թե ինչ է նշանակում  բանակցության հաջողություն՝ կոալիցիա կազմե՞լը, թե՞ միայնակ բոլոր նախարարական պորտֆելներին տիրանալը, Նիկոյանը խորացավ. «Հաջողությունը գաղափարական կոալիցիան է, ուժեղ ընդդիմությունն է… Դուք ինքներդ մտածեք՝ անցած կոալիցիան գաղափարակա՞ն է, թե՞ չէ»: Տիգրան Սարգսյանն էլ, ինչպես մի հեռավոր անտեղյակ գյուղացի,  բաժակ բարձրացրեց՝  լավատեսական կանխատեսումով, թե ժողովրդի կյանքը բարելավվելու է:



Մեր հարցին, թե որքանով է իրեն հաջողվել իր կառավարման տարիներին բարելավել ժողովրդի կյանքը, պատասխանի փոխարեն խորհրդավոր ժպտաց, ապա քիչ հետո ավելացրեց. «Ես ուղղակի ուզում եմ հասկանամ՝ ինչքա՞ն պետք է դիմանամ, ես հլը կդիմանամ, վետերաններին գոնե խղճացեք, թողեք մի կտոր հաց ուտեն»: Եվ այդպես էլ չանդրադարձավ իր կառավարման տարիների արդյունքներին: Երբ հեռացան սեղաններից, վարչապետը մեզ հորդորեց բարելավված կյանքի վերաբերյալ կարծիքներ լսել վետերաններից: «Լսեցի՞ք վետերաններն ինչ են ասում»,-դիմեց Տիգրան Սարգսյանը մեզ: «Դա կարեւոր է, որ երբեմն գրեք ժողովրդի կարծիքը»: Այնուամենայնիվ, վարչապետի կարծիքը լսեցինք մի քանի հարցի շուրջ, թեեւ նա խուսափում էր կոնկրետ պատասխաններից: Ակնհայտ էր, որ բոլորի ճակատագիրն անհայտ է, եւ դեռ ասելիք չկա:



- Պարոն վարչապետ, ԲՀԿ-ն բացասական գնահատեց ընտրությունների ընթացքը՝ ընտրակեղծիքների առկայության մասով: Հատկապես Օսկանյանը ցնդող դրոշմակնիքների հարցը բարձրացրեց ու փաստեց, որ ընտրակեղծիքներ են եղել: Ի՞նչ կասեք այդ մասին:



- Ես զերծ կմնամ գնահատականներից, ճիշտ չի հիմա գնահատականներ տալը, երբ որ հիմա այնպիսի մի փուլ է, երբ մենք պետք է կարողանանք ամփոփել ընտրությունների արդյունքները եւ տեսնենք, թե ինչ տարբերակներ կան: Դրա համար այս պահի դրությամբ գնահատականներ տալը սխալ է, պետք է լցվել համբերությամբ: Իսկ քննադատության հարցով դիմեք Օսկանյանին:



- Պարոն վարչապետ, արդյո՞ք ԲՀԿ-ի ստացած մեծաքանակ քվեները չէին վկայում այս տարիներին իշխանության վատ աշխատելու մասին:



- Գիտեք, ով ինչքան ձայն ա հավաքել, վկայում է իրենց աշխատանքի մասին: Պետք չի ամեն ինչ հակադրել: Ցանկանում եմ Ձեզ լավատեսություն եւ ցանկանում եմ մանավանդ Ձեզ՝ տեսնեք միայն դրականը, բացի այն բացասականից, որ կա մեր կյանքում:



- Պարոն Սարգսյան, Ձեր կարծիքով, հաջորդ կառավարությունում Ձեզ արժանի փոխարինող կլինի՞:



- Հուսով եմ, որ Ձեզ արժանի փոխարինողներ կգտնենք մենք:



ՀԳ - Ի դեպ, հյուրասիրությունից չօգտվեցին նախարարները, քաղաքապետն ու պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ջրիկացել էր ու տարեցների հետ անհամ-անհամ հումորներ էր անում: Մեդալներով ծանրաբեռնված մի տատիկի տեսնելով՝ իսկույն վրա տվեց. «Տատի, հլը մի հատ ինձ պաչի, տենամ ինձ ինչքան ես սիրում»: Մեր ռեպլիկին՝ «այնքան, որքան իշխանությունը ժողովրդին», Շարմազանովը պատասխանեց սրամտությամբ. «Ուրեմն անսահման են սիրում»: Երբ սեղանակիցներին հարցրինք, թե ինչու չեն օգտվում ճաշատեսակներից, միգուցե պատվից վեր են համարում բրնձե շիլան, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատճառաբանեց, թե յուղը շատ է՝ «իրենց ժամանակ բանակում էդքան յուղ չէին լցնում»: Դե, հասկանալի է, որ մեր օրերում էլ նման շռայլություն չկա, պարզապես պատվավոր հյուրերի խաթր էին ճաշերը «բոլ-բոլ» յուղել: