ԶԼՄ-ները խորացնում են սեռական փոքրամասնությունների նկատմամբ կարծրատիպերը

ԶԼՄ-ները խորացնում են սեռական փոքրամասնությունների նկատմամբ կարծրատիպերը
Աղվերանում շարունակվում է սեռականությանը նվիրված հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որը նախաձեռնել է «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը: Քննարկման մասնակիցներն ընդունում են, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեծ հետաքրքություն ունեն ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Սակայն փորձագետները նշում են, որ շատ դեպքերում ԼԳԲՏ հիմնահարցերի վերաբերյալ կողմնակալ լուսաբանումները` հիմնված լրագրողների նախապաշարմունքների և կարծրատիպերի վրա, չունեն գիտական հիմք և ձևակերպված են սկանդալային ոճով: Նախ, պարզաբանենք ԼԳԲՏ եզրույթը, որը միջազգայնորեն ընդունված է որպես լեսբուհի (կին նույնասեռական), գեյ (տղամարդ նույնասեռական), բիսեքսուալ (երկսեռական), տրանսգենդեր (գենդերափոխ) բառերի հապավում: Ընդհանուր առմամբ, զանգվածային լրատվամիջոցներում ԼԳԲՏ համայնքին վերաբերող հարցերը լուսաբանվում են վիրավորական կերպով, ինչը հաստատում է գոյություն ունեցող կարծրատիպերն ու նախապաշարմունքները ԼԳԲՏ համայնքի նկատմամբ:



Տրամադրված տեղեկատվությունը հիմնված չէ փաստերի վրա, չունի ապացույցներ և շատ հաճախ կարող է լինել ասեկոսների և ապատեղեկացվածության արդյունք: Բացի այդ, ԼԳԲՏ մարդկանց, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին ոչ հուսալի և սուբյեկտիվ տեղեկատվության տարածումը հոդվածների, հեռարձակումների, հեռուստատեսային ծրագրերի միջոցով ստորացնում են ԼԳԲՏ մարդկանց և նպատակ ունեն ագրեսիա տարածել նրանց նկատմամբ:



Մեծամասամբ ԼԳԲՏ անձանց հիմնահարցերը ներկայացված են որպես մի երևույթ, որը դեմ է հայկական ավանդույթներին, արժեքներին, և չի կարող ունենալ իր տեղը հասարակության մեջ:



Մենք նկատել ենք, որ ընթերցողներն ագրեսիվ են տրամադրված այս թեմայի նկատմամբ, մեր «Պատմվածք գեյի մասին» խորագիրը դժգոհությունների ալիք էր բարձրացրել, շատերը մեզ մեղադրում էին նույնասեռականություն քարոզելու մեջ: «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները խորհուրդ են տալիս լրատվամիջոցներին չեզոք եւ գիտական հիմքի վրա լուսաբանել ԼԳԲՏ համայնքին վերաբերող հարցերը` ոչ նրանց վիրավորելով, ոչ էլ գովաբանելով: Փորձագետները հույս ունեն, որ եթե ընթերցողի կամ հեռուստադիտողի օրվա լրահոսի 5 տոկոսը լինեն ԼԳԲՏ համայնքին վերաբերող չեզոք տեղեկատվություն, հայաստանաբնակները պակաս ագրեսիվ կդառնան սեռական փոքրամասնությունների նկատմամբ: