Ի՞նչ է պատահել, որ

Ի՞նչ է պատահել, որ
Ինդոնեզիայում ռուսական «Սուխոյ սուպերջեթ-100» ինքնաթիռի կործանումից հետո «Արմավիան» չի դադարեցնի պայմանագիրը «Սուխոյ» ընկերության հետ, ավելին՝ արդեն 2 ամիս բանակցություններ է տանում երկրորդ նման ինքնաթիռ ձեռք բերելու ուղղությամբ: «Պետք չէ դրամատիկացնել իրավիճակը: Մեզ մոտ ինքնաթիռից լուրջ դժգոհություններ չկան, բայց կան թերություններ՝ ինչպես պատահում է յուրաքանչյուր ինքնաթիռի դեպքում: Արդեն երկու ամիս է՝ բանակցություններ են գնում երկրորդ ինքնաթիռի ձեռքբերման շուրջ»,-մեր հարցմանն ի պատասխան ասաց «Արմավիա» ավիաընկերության լրատվականի պատասխանատու Նանա Ավետիսովան: Հարցին, թե Ինդոնեզիայում պատահածից հետո որքանո՞վ է նպատակահարմար շարունակել բանակցությունները եւ եւս մեկ «Սուխոյ սուպերջեթ-100» ինքնաթիռ ձեռք բերել, մամուլի խոսնակը պատասխանեց. «Դեռ վաղ է ասել, թե ինչ է իրականում տեղի ունեցել Ինդոնեզիայում, սպասենք նախաքննության արդյունքներին, նոր միայն ամեն բան պարզ կլինի»:



Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտ ցուցադրական թռիչք կատարելիս կործանվել է «Սուխոյ սուպերջեթ-100» ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռի 8 հոգանոց անձնակազմը, ինչպես նաեւ 40 ուղեւորները զոհվել են: Ինքնաթիռի աղետի վայրում փրկարարներն առայժմ հայտնաբերել են 14 զոհվածների մարմինները: Ավելացնենք նաեւ, որ «Սուխոյ սուպերջեթ-100»-ը ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական արտադրության առաջին ուղեւորատար օդանավն է: Այդ օդանավի առաջին պատվիրատուն եւ շահագործողը եղել է ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան», որն առաջին նման օդանավը՝ «Յուրի Գագարին» անվամբ, Հայաստան է բերել դեռ մեկ տարի առաջ: Ընկերության գլխավոր տնօրենը մեր հայրենակից Միխայիլ Պողոսյանն է: