Տագնապեցնող ահազանգ

Տագնապեցնող ահազանգ
Երկու օր «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ակտիվորեն քննարկվում էր Մաշտոցի պուրակի ակտիվիստ Արթուր Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թեման, եւ նույնիսկ տեղեկություններ կային, որ արդեն Արթուրի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, եւ նա ձերբակալված է: Եվ այս ամենի պատճառը հանդիսացել է Մաշտոցի պուրակի առնչությամբ ֆեյսբուքյան իր պատին արված գրառումը: ՀՀ քրեական օրենսգրքում ֆեյսբուքյան գրառումների եւ գրառումների բովանդակության պատժատեսակ եւ պատժաչափ կիրառելու առնչությամբ թերեւս ոչ մի հոդված չկա, եւ հետաքրքիր է, թե իրականում որն է եղել իրավապահ մարմինների հետաքրքրվածությունը, եւ ինչ օրինական հիմք էին գտել նման փորձերի համար: Երեկ առավոտյան ոստիկանությունը հերքեց Արթուր Ղազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցման մասին լուրը: Այնուհետեւ Ղազարյանը պարզաբանել է, որ քրեական վարչությունում ոստիկաններն իրեն ինչ-որ վրաերթի հետ կապված հարցեր են ուղղել, որի հետ ինքը ոչ մի կապ չունի, եւ ցանկացել են զննել մեքենան:



Արթուրը նրանց հայտնել է, որ մեքենան զննելու կարիք չկա, որ մեքենայի լուսանկարները եւ վիդեոն արդեն հայտնվել են համացանցում, որտեղ հստակ երեւում է ամեն բան: Եվ հենց այդտեղ ոստիկաններն Արթուրից պահանջել են մտնել ֆեյսբուքյան իր էջ եւ ցույց տալ նկարները:



Շուտով պարզվել է, որ ոստիկանները նկատել են Արթուրի կողմից պատին արված գրառումները, եւ դա նրանց դուրը սաստիկ չի եկել, որից հետո նրան մեղադրել են քաղաքացիական կոչեր անելու մեջ: Ոստիկանների մեղադրանքներից հետո Արթուրը հիշեցրել է ոստիկաններին ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի մասին. «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը», որով եթե ցանկանում են, կարող են իր նկատմամբ քրեական գործ հարուցել:



Սակայն ոստիկանությունն ինչ-որ բաներ գցել-բռնելուց հետո որոշել է քրեական գործ այդպես էլ չհարուցել եւ իր որոշման մասին առավոտյան հրապարակավ հաղորդագրություն տարածել: Եթե ոստիկանությունը որոշում է Արթուր Ղազարյանին հետապնդել ֆեյսբուքյան գրառումների համար եւ հարցեր տալ գրառումների առնչությամբ` ցույց տալով իրենց տրամադրվածությունը եւ վերաբերմունքը, ուրեմն ոտքը պնդեցրած իշխանությունը մեսիջ է ուղարկում «Ֆեյսբուքի» ակտիվ օգտատերերին ապագայի իր պլանների մասին:



«Ֆեյսբուքում» վտառի նման վխտում են իշխանական թեւի ֆեյքերն ու իրական մարդիկ, ովքեր կարող են եւ գուցե արդեն սկսել են հավաքագրել ու ցուցակագրել այն ակտիվիստներին, համացանցում հեղինակություն ունեցող անձանց, որոնք իշխանության համար վտանգ են ներկայացնում եւ որոնք հակաիշխանական տրամադրություններ ունեն, որից հետո, իհարկե, կսկսվեն մաքրման աշխատանքները: Դանդաղորեն մարդկանց գիտակցության մեջ ներարկելով գրառման համար պատժվելու  հավանական հնարավորությունը՝ թերեւս կարծում են, թե նախադեպեր կստեղծեն եւ վախ կառաջացնեն` կաղապարելով ազատ խոսքը եւ դրա ընթացքն ու ներգործությունը:



«Ֆեյսբուքը» դեռեւս այն տարածքն է, որտեղ իշխանությանը ոչ մի կերպ չի հաջողվում սահմանափակել խոսքի ազատությունը, եւ հիմա նրանք փորձելու են իրենց բոլոր լծակներն օգտագործել` վերահսկելու, կոորդինացնելու եւ տանելու իրենց ուզած ուղղությամբ: ԱԺ ընտրություններից հետո իշխանությունը հասկացավ, որ ժողովրդին օգտագործելն այդքան էլ մի բարդ բան չէ, եւ հիմա հերթը «Ֆեյսբուքինն» է, որտեղ դեռեւս մնացել են ազատության եւ ինքնուրույնության մասունքներ: