Դատավորը խախտել է օրենքը

Դատավորը խախտել է օրենքը
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քննված սնանկության մի գործ դարձել է մեծ պատմություն եւ տեղի տվել դատավարական մի շարք խախտումների: Սնանկության գործով օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում բողոք բերող բոլոր անձինք՝ թվով 9 հոգի, գրանցվել են որպես պահանջատեր: Նրանց ցուցակը հրապարակվել է, սակայն դրանից հետո հայտնվել է մեկը եւ կրկին հանդես եկել որպես պահանջատեր: Բանն այն է, որ սնանկության գործով վճիռն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, եւ ովքեր հանդիսանում են պարտատերեր, այդ ժամանակահատվածում կարող են իրենց պահանջները ներկայացնել դատարան: Սակայն այս գործում հայտնվում է եւս մեկը՝ Յուրի Ապրեսյան անունով, եւ, խախտելով օրենքով սահմանված ժամկետը, դառնում է պարտատեր՝ ներկայացնելով 52 միլիոն դրամի պահանջ, ինչպես նաեւ խնդրում է հարգելի համարել բաց թողնված ժամկետը:



Նա ռուսերեն լեզվով մի տեղեկանք է ներկայացնում, թե իբր այդ ընթացքում գտնվել է ամբուլատոր բուժման մեջ: Բայց մինչ բուժումը 23 օր ժամանակ է ունեցել իր պահանջը ներկայացնելու համար: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Ապրեսյանի պահանջը եւ բաց թողնված ժամկետը հարգելի չի ճանաչել եւ նրան ընդգրկել է ստորադաս ուշացած պահանջատերերի ցուցակում:



Ապրեսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, եւ վերաքննիչ դատարանը, դատավոր Նախշուն Տավարացյանի նախագահությամբ, կայացրել է ամբողջությամբ հակառակ որոշում, հայցվորների պնդմամբ՝ ակնհայտ ապօրինի: Տավարացյանը, խախտելով «Լեզվի մասին» օրենքը, հիմք է ընդունել ռուսերեն լեզվով ներկայացված տեղեկանքը եւ հարգելի ճանաչել Ապրեսյանի բաց թողած ժամկետը՝ նրան ընդգրկելով պարտատերերի ցուցակում:



Բոլոր 9 պահանջատերերը դեմ են Ապրեսյանի՝ ցուցակ մտնելուն եւ արդեն վճռաբեկ բողոք են ներկայացրել, սակայն դեռ հայտնի չէ՝ վճռաբեկն այդ բողոքը վարույթ ընդունել է, թե ոչ: Այս ընթացքում նրանք բազմաթիվ նամակներ են գրել Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ խնդրելով ուսումնասիրել նշված գործը եւ բոլոր փաստերն ուղարկել Արդարադատության խորհրդին, որը «կտա Տավարացյանի գիտելիքների պիտանելիությունը դատական համակարգում» եւ կսահմանի համապատասխան պատիժ:



«Եթե հարցը կախված լիներ օրենքի որեւէ հոդվածի տարատեսակ մեկնաբանություններից, գուցե մենք համակերպվեինք եւ մտածեինք, որ հնարավոր է առաջին ատյանի դատարանը սխալ թույլ տված լինի, բայց քանի որ հարցի լուծումը կապված է մի հասարակ տրամաբանության հետ, եւ դատավորն ընդամենը պետք է գնահատեր մի ռուսերեն լեզվով ամբուլատոր տեղեկանք, որից պարզ երեւում է, որ Ապրեսյանն անկողնային հիվանդ չի եղել եւ ունեցել է 23 օր ժամանակ: Ու որքան էլ հանրապետության նախագահը կոչ է անում հավատալ դատարաններին, նման իրավիճակում, Տավարացյանի նման դատավորների դեպքում այս երկրում արդարադատություն չի իրականացվի»,- դժգոհեցին սնանկության գործով պահանջատերերը եւ հույս հայտնեցին, որ գոնե վճռաբեկ դատարանը թույլ չի տա այն սխալները, որը թույլ է տվել վերաքննիչ դատարանը՝ ի դեմս դատավոր Տավարացյանի: