Դատախազը պահանջել է արձանագրությունները

Դատախազը պահանջել է արձանագրությունները
Երեկ մենք էլեկտրոնային փոստով այսպիսի նամակ ենք ստացել: Նամակագիրները հույս ունեն, որ ՀՀ գլխավոր դատախազը կմիջամտի եւ կարգի կհրավիրի Շիրակի դատախազին: Սակայն դա քիչ հավանական է, քանի որ Արթիկի նշված ընտրատարածքում որոշակի հետաքրքրություն ուներ նաեւ Աղվան Հովսեփյանը՝ նա բացահայտորեն պաշտպանում էր պատգամավորության թեկնածուներից մեկին՝ Մխիթար Վարագյանին, որը պարտվել է այստեղ: Հաղթող թեկնածուն ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն է:



«Մեծարգո գլխավոր դատախազ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր ենթակա՝ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանն ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո զբաղվում է անօրինական գործունեությամբ: Վերջին դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ անձամբ Դ. Սարգսյանը զանգահարել է թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին եւ պահանջել տեղամասերի արձանագրությունների քաղվածքները: Չնայած Արթիկում եւ Մարալիկում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դ. Սարգսյանին ուղղակի ցուցում տվողը Դուք եք, այնուամենայնիվ, չկասկածելով Ձեր ազնվությանը, խնդրում ենք միջամտել եւ սաստել Ձեր ենթակային: Մենք շատ ուրախ կլինենք, եթե արդարությունը հաղթի, եւ Դավիթ Սարգսյանը պատասխան տա իր արարքների համար: Առայժմ բավարարվում ենք այսքանով, հետագայում, անհրաժեշտության դեպքում, կլինեն նաեւ տեսագրություններ եւ ձայնագրություններ:



Անօրինականությունից զզված մի խումբ քաղաքացիներ»