Խելացի կանայք այս ճշմարտությունը վաղուց են հայտնաբերել

Խելացի կանայք այս ճշմարտությունը վաղուց են հայտնաբերել
Ես թեեւ սեռերի միջեւ լիարժեք ազատության, անկաշկանդ հարաբերությունների կողմնակից եմ, սակայն վստահ եմ, որ կան թեմաներ, որոնք պետք է դասվեն արգելվածների շարքը: Համոզված եմ, որ երբ այդ թեմայով խոսակցություն է ծավալվում, այն սկսում է իրականություն դառնալ: Մի տեսակ՝ ջինը շշից բաց ես թողնում: Անկարելին դարձնում ես կարելի: Ասենք, այն ընտանիքում, որտեղ կինը սկսում է խոսել ամուսնու դավաճանության մասին, այդ թեման սկսում է քննարկել նրա հետ, մի տեսակ կանաչ լույս է վառում դրա առաջ:



Չկա ամուսին, որ ենթագիտակցության մեջ այդ խոսակցությունից հետեւություն չանի, որ կինը հոգեբանորեն պատրաստ է ներել իր դավաճանությունը: Ինչքան ուզում է կտրուկ ու մերժողական լինի վերջինիս վերաբերմունքն այդ խոսակցության ժամանակ: Նույնկերպ, երբ ամուսինները սկսում են քննարկել հավանական ամուսնալուծության տարբերակը, կնշանակի նրանք հոգեբանորեն պատրաստ են այդ քայլին, եւ ընդամենը մնում է այն կյանքի կոչել:



Դա նման է այն հրացանին, որը եթե կախված է ներկայացման առաջին արարում, կնշանակի վերջինում պետք է անպայման կրակի: Խելացի կանայք այս ճշմարտությունը վաղուց են հայտնաբերել: Նրանք ավելորդ զրույցների, քննարկումների չեն տրվում, իրենց մտավախություններն ու անհանգստությունները չեն բարձրաձայնում: Նրանք հասկանում են, որ տղամարդուն այդկերպ կարող են հանգեցնել անցանկալի եզրահանգումների, նրա մտքերը կարող են ուղղորդել սխալ ուղղությամբ: Մի տեսակ արգելապատնեշը հանելու նման բան ստանալ արդյունքում:



Շախմատի մեջ մի հետաքրքիր արտահայտություն կա՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս: Կյանքում էլ է այդպես: «Սկզբում բանն էր», ասված է, չէ՞: Խոսքը՝ գործողության սկիզբ: Խոսքը՝ գործողության ծրագիր: «Այստեղ մենք հանդիպել ենք, այստեղ էլ կբաժանվենք»,- թեթեւ ու անբռնազբոս ասաց նա՝ չգիտես որպես կատակ, թե դիմացինի ռեակցիան ստուգելու համար: «Եթե կարող ես առանց ինձ, բաժանվենք»,- խաղի մեջ մտավ վիրավորվածը:



«Իսկ դու կարծում ես կմեռնե՞մ»,- շարունակեց խաղը նա: «Չէ, ինչո՞ւ, բայց ապրել էլ կա՝ ապրել էլ»: «Ապրել եմ, չէ՞, առանց քեզ, մի այդքան էլ կապրեմ»,- վտանգավոր ուղղությամբ խորացավ նա՝ չզգալով, որ կրակի հետ է խաղում: «Հա, վատ չես ապրել՝ ամեն ինչ տեսել ես, ամեն ինչ զգացել, ոչնչից զուրկ չես եղել: Բայց ես էլ քեզնից վատ չեմ ապրել՝ ես էլ եմ շատ բան տեսել, վայելել»,- վիրավորանքը զգացնել տվեց:



«Գուցե փորձե՞նք: Տեսնենք` կստացվի՞ իրարից հեռու ապրելը»,- խաղն սկսեց վտանգավոր դառնալ, վիրավորանքին խառնվեց մարտահրավերը: «Իսկ ինչո՞ւ ոչ, փորձենք՝ ես էքսպերիմենտներ սիրում եմ»,- տակ չմնաց հիվանդագին ինքնասիրությունը: «Ե՞րբ սկսենք», «Թեկուզ այսօրվանից»: Վերջ. ջինն արձակված է, արգելքը՝ հանված, հոգեբանական պատնեշը՝ հաղթահարված:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ