Երբ մարդիկ ոչ ապրում են, ոչ թողնում` ուրիշներն ապրեն

Երբ մարդիկ ոչ ապրում են, ոչ թողնում` ուրիշներն ապրեն
Մեկ տարին մարդու կյանքում շա՞տ է, թե՞ քիչ: Անշուշտ՝ կախված է կոնկրետ մարդուց, նրա տարիքից ու ապրածից: Երիտասարդ տարիքում մեկ տարին սարսափելի կարճ, արագընթաց ժամանակային միավոր է՝ մի ակնթարթ, բայց զգալի իր տեւողության ու ապրածի իմաստով: Հասուն տարիքում դա ահռելի ժամանակ է, որ թեեւ արագ է անցնում, բայց դրա գնահատման չափման միավորն է տարբեր: Երբ ափսոսում ես ամեն վայրկյանն ու րոպեն, շարունակ թանկ ակնթարթները կորցնելու զգացում ունես, որ էլ ետ չես բերելու:



Այսօր ինձ համար հոբելյանական օր է (տարելից թե տարեդարձ՝ դժվար է ասել): Մեկ տարի առաջ այս օրն իմ կյանքը գլխիվայր շուռ եկավ. սեւը դարձավ սպիտակ, այն, ինչ իմաստալից էր, կորցրեց իմաստը, այն, ինչ գեղեցիկ էր, հանկարծ դարձավ չափազանց այլանդակ, շատ անարժեք բաներ արժեւորվեցին, կարեւորները արժեզրկվեցին: Արժեքային համակարգի փոփոխությունը կնոջ կյանքում առնվազն հեղափոխություն է նշանակում:



Երբ քո կայացած, ամուր, ապագայի հստակություն պարունակող կյանքը հանկարծ շուռ է գալիս, ու դու Ոսկե ձկնիկի պառավի նման շքեղ պալատից հայտնվում ես կոտրած տաշտակի առաջ կամ հակառակը՝ գորտի պատյանը նետում ես կրակն ու հեքիաթի արքայազնի նման ազատվում կախարդանքից: Անշուշտ, դու երկար ժամանակ չես կարողանում հասկանալ՝ դու այն պառավի՞ դերում ես, թե՞ կախարդված արքայազնի:



Կյանքի այս փոփոխությունը քեզ գտնելո՞ւն էր համազոր, թե՞ կորստին: Բայց դրանից կատարվածի ուժգնությունը չի թուլանում, իսկ ես այն կարծիքին եմ, որ սթրեսը միշտ օգտակար է՝ ցնցումները սրում են զգացողությունները, ադրենալինի հոսք ապահովում կարծրացող երակներումդ, ստիպում վերանայել մոտեցումներդ կյանքին ու մարդկությանը, վերածնում քեզ: Անշուշտ, այդ ցնցումից կարող ես նաեւ ծանր հիվանդություն վաստակել կամ թերարժեքության բազում կոմպլեքսներ:



Բայց դա նման է այն ապտակին, որ հիստերիայի մեջ բղավող կնոջը ետ է բերում իրականություն: Կամ այն սառը թրջոցին, որ դնում են այրվածքի վրա: Կամ վիրահատական միջամտությանը, որի հաջող ելքին բժիշկները կասկածում են, այսպես ասած՝ 50:50 հավանականություն տալիս: Հիվանդը կամ կապրի, կամ կվախճանվի որպես հերոս: Երկու դեպքում էլ ցանկալի լուծում է: Համենայնդեպս լուծում է, ի տարբերություն անլուծելի իրավիճակների, երբ առաջը ջուր է, ետեւը՝ սուր:



Իսկ այդպիսի վիճակներ, ցավոք, կյանքում հաճախ են պատահում: Երբ մարդիկ ոչ ապրում են, ոչ թողնում` ուրիշներն ապրեն: Երբ քայլ անել հնարավոր չէ, բայց չանելն էլ մահվան է հավասարազոր: Այդ իրավիճակներում մարդն իրեն անզոր ու հուսալքված է զգում: Անելանելությունից պատեպատ խփվում ու չի գտնում ելքը: Հավանաբար հենց այդ իրավիճակներում է, որ մարդուն պաշարում է ինքնասպանության միտքը: Հանկարծ կենսուրախ ու առողջ մարդը սկսում է մտածել, որ մահը փրկություն է: Միակ փրկությունը ստեղծված պատային վիճակից:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ