ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ պայմանավորվածությո՞ւն կա
- Ինձ համար դա ամենականխատեսելի տարբերակն էր, որովհետեւ ի սկզբանե, որպես քաղաքական վերլուծաբան, ես այդ ելքը կանխատեսում էի: Մտածելով, որ ՀՀԿ-ի ձայնային հարաբերակցությունից հետո ԲՀԿ-ն կուզենա օգտագործել իր ինքնուրույնությունը՝ ավելի անկախ գործունեության համար: Միեւնույն ժամանակ ինձ մոտ մի շարք հարցեր են առաջանում, մասնավորապես՝ թե ինչ քաղաքական պլատֆորմի վրա է ընթանալու այդ քաղաքական գործունեությունը, քանի որ ներկա պահին ԲՀԿ-ի քաղաքական պլատֆորմը մի քիչ անորոշ է:
- Մոտավոր կանխատեսումներ կա՞ն Ձեր նշած՝ ԲՀԿ-ի պլատֆորմի մասով:
- Չէ, հենց դա է խնդիրը: ԲՀԿ-ն միշտ եղել է իշխանության հովանավորության, հոգածության ներքո, թեպետ չի կիսել պատասխանատվությունը: Ինձ համար հիմա հետաքրքիր է, թե հիմա ԲՀԿ-ն, ՀՀԿ-ի հովանավորությունից հրաժարվելուց հետո, ինչ քաղաքական վեկտոր կընտրի, որովհետեւ ցայսօր ԲՀԿ-ն աշխատել է ինչ-որ դեկլարատիվ հարցերի վրա, կազմակերպչական հարցերի վրա, բայց դեռեւս չեն աշխատել քաղաքական պլատֆորմի վրա: Եվ մեկ այլ կարեւոր հարց կա, թե այժմ ովքեր են լինելու այս նորացած, կոալիցիա չմտած ԲՀԿ-ի շարժիչ ուժերը: Ինձ թվում է՝ խորհրդարանական գործունեության արդեն երկու-երեք շաբաթը այս հարցերի պատասխանը կտա:
- Կարծում եք ՀՀԿ-ն թույլ կտա՞ ԲՀԿ-ին անկախ, ինքնուրույն գործունեություն ծավալել՝ հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները:
- Ինձ թվում է՝ Հայաստանի քաղաքական մթնոլորտն առողջանալու այնպիսի անհրաժեշտություն ունի, որ ես կարծում եմ՝ նման բան չի լինի: Այս իրավիճակում երկու դրական բան կա. նախ, Հանրապետականը միայնակ կկրի պատասխանատվությունը: Դա կարող է լինել եւ շատ լավ գործերի, եւ համապատասխանաբար շատ վատ գործերի համար: Իսկ եթե ԲՀԿ-ն մտադիր է մրցակցության մեջ մտնել ընդդիմության տիտղոսը նվաճելու համար, ինձ թվում է՝ նա դեռ շատ ջանք ունի թափելու այդ ճանապարհին:
- Այնուամենայնիվ կդառնա՞ ԲՀԿ-ն ընդդիմադիր:
- Այդ հարցը գտնվում է հավանականությունների տեսությունների դաշտում: Ես դա չեմ մեկնաբանում:
- Իսկ Ձեր կարծիքով, նորընտիր խորհրդարանում ԲՀԿ-ն ակտիվորեն կաշխատի՞ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ, ինչպես եղավ միասնական շտաբի պարագայում:
- Ես կարծում եմ, որ այս պահին այդ երկու ուժերը՝ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, ավելի շատ համագործակցման ուղին կբռնեն, քան մրցակցության:
- ՀՀԿ-ի վրա ինչպե՞ս կանդրադառնա ԲՀԿ-ի այս որոշումը:
- Ես կարծում եմ՝ Հանրապետականը դրանից որեւէ կորուստ չի ունենա: Ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն ձեռք բերեցին ինքնուրույն գործելու հնարավորություն:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ կարծում է, որ ԲՀԿ-ն դեռ պետք է փակագծերը բացի, որոշակի հստակեցումներ մտցնի իր հայտարարության մեջ, նոր պարզ կլինի, թե ինքը որ դաշտում է խաղալու:
- Նախեւառաջ պետք է հասկանալ, թե դա ինչ որոշում է: Երկու շաբաթ գիշեր-ցերեկ բանակցություններ են վարում, որի իմաստը պարզ չէ, ապա ԲՀԿ-ի որոշումը ինչպե՞ս հասկանանք, ի՞նչ է դա նշանակում: ԲՀԿ-ն որոշակի պարզաբանումներ պետք է տա հասարակությանը, թե ինչի մասին են խոսում, որը չի ստացվել, որ մենք էլ կարողանանք հասկանալ այսօրվա նրանց որոշման էությունը:
- Պարոն Սարգսյան, խոսք էր գնում, որ ԲՀԿ-ն բանակցությունների ընթացքում համաձայնության չի եկել իրենց հատկացվող պորտֆելների շուրջ, մասնավորապես վարչապետի պաշտոնի շուրջ: Որքանո՞վ է հավանական այս վարկածը:
- Բացարձակ չեմ կարող ասել, դրանք ենթադրություններ են: Այ, որ իրենք ասեն, դա լավ կլինի, եւ պարզ կլինի իրենց որոշման էությունը:
- Ո՞ր դաշտում կգործի ԲՀԿ-ն, Ձեր կարծիքով: Կկարողանա՞ լիարժեք ընդդիմադիրի կեցվածք ընդունել, եւ ՀՀԿ-ն թույլ կտա՞ նրան գործել որպես լիարժեք առանձին քաղաքական ուժ:
- Չեմ կարող ասել, դրանց համար սա նորություն է, իրենք երբեք այս վիճակում չեն եղել: Հենց պարզ դառնա վիճակի էությունը, նոր հնարավոր կլինի ասել, թե ԲՀԿ-ի հետ ինչ է կատարվում: Հնարավոր է մի պահ գա, որ այլ որոշում կայացնեն: Ինչպես նաեւ մենք չգիտենք՝ իրենք առանձին քաղաքական ո՞ւժ են, թե՞ պայմանավորվել են:
- Այսինքն կարծում եք, որ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի մեջ որոշակի պայմանավորվածություննե՞ր կան:
- Դե, ի վերջո հո դուռը չեն շրխկացրել ու դուրս եկել: Մի բան խոսել են, մի բան որոշել են, քանի որ «Բարգավաճը» չի ասում, որ հիմա իրենք ընդդիմություն են գնում, թե ինչ, օդից կախված են, եւ իրենց ստատուսը պարզ չէ: Այն, ինչ որ իրենք ասել են (հայտարարությունը), ոչ մի կապ չունի կոնկրետ իրականության հետ: Դա հնարավոր էր ասել նաեւ երկու շաբաթ առաջ: Մի բան պարզ է, որ կոալիցիոն հուշագիրը գնաց պատմության գիրկը:
Կարծիքներ