Ինչու Աշոտյանն իրական հիմքով չի ազատել Զոլյանին
Թե ինչ կորոշի դատարանը, այս պարագայում այնքան էլ էական չէ, քանի որ Զոլյանն օրերս աշխատանքից ազատման դիմում գրեց եւ ինքնակամ լքեց այն սենյակը, որն ապօրինաբար զբաղեցնում էր օրեր շարունակ: Իսկ ԿԳՆ-ն ձայն չէր հանում, Զոլյանին դուրս չէր հանում այդ սենյակից, քանի որ Զոլյանի ուզածն էլ հենց դա էր:
Զոհի կարգավիճակով հանդես գալ, ցույց տալ, որ իրեն հալածում են, ֆիզիկական ուժ են գործադրում իր նկատմամբ: Բայց, փաստորեն, Զոլյանը որոշեց ինքնակամ վերջ տալ իր սկսած խաղին: Մեր ձեռքի տակ է հայտնվել Բրյուսովում անցկացված ստուգումների արդյունքում կայացված ակտը, որտեղ ակնհայտ խախտումներ կան, նույնիսկ հանցակազմ պարունակող փաստեր, սակայն Աշոտյանը, չգիտես ինչու, խնամքով թաքցրել է դրանք եւ Զոլյանի՝ աշխատանքից ազատման հիմքում դրել ինչ-որ տարօրինակ պատճառաբանություն, թե վերջինս իբր առանց իր թույլտվության Ստրասբուրգ է մեկնել:
Այստեղ անհասկանալի է մնում Աշոտյանի քայլը: Ինչու Զոլյանին չի ազատել ստուգումների արդյունքում կայացված ակտի հիման վրա, որտեղ բազմաթիվ խախտումներ են ֆիքսված: Բայց մի բան պարզ է. իրական պատճառների հիման վրա ռեկտորին ազատելով՝ Աշոտյանն ինչ-որ տեղ հարվածի տակ կդներ նաեւ իրեն, որ, լինելով կրթության եւ գիտության նախարար, տարիներ շարունակ աչք է փակել կամ չի հայտնաբերել իր ղեկավարած համակարգում կատարվող խախտումները:
Հետեւաբար, նախընտրել է հեշտ եւ ոչ այնքան աղմկոտ պատճառաբանություն, որը կստվերեր իր բացթողումները: Բայց, փաստորեն, Աշոտյանի հաշվարկները դուրս եկան վերահսկողությունից, եւ Զոլյանը, իր կատարած խախտումներին զուգահեռ, իրեն այնքան էլ զուսպ չպահեց, եւ բանը հասավ ընդհուպ փոխադարձ վիրավորանքների: Զոլյանն Աշոտյանին «վախկոտ, ստախոս ու ոչնչություն» անվանեց, իսկ Աշոտյանն էլ արձագանքեց, թե Զոլյանն «անտանելի է դարձել»:
Զոլյանը հեռուստատեսային իր ելույթներից մեկի ժամանակ Բրյուսովում ստուգումներ իրականացրած հանձնաժողովի անդամներին «բանդիտ» է անվանել, որի պատճառով, ի դեպ, նրա դեմ, ասում են՝ դատական հայց է ներկայացվելու: Մեր տեղեկություններով, հանձնաժողովի նախագահը՝ Վ. Բավեյանը, եւ մյուս երեք անդամները վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով հայցադիմում են պատրաստվում ներկայացնել Զոլյանի դեմ՝ առանց փոխհատուցման պահանջի: Թե ինչպես կհանգուցալուծվի այս կոնֆլիկտային իրավիճակը, պարզ կդառնա առաջիկայում:
Կարծիքներ