Ընտրությունն արժե այնքան որքան գնահատում է ժողովուրդը

Ընտրությունն արժե այնքան որքան գնահատում է ժողովուրդը
Հայաստանում յուրաքանչյուր ընտրությունից հետո հեռուստատեսության հայկական ալիքները միաձայն բարձրաձայնում են՝ ընտրություններն անցան արդար, թափանցիկ, միջազգային դիտորդները...  Հետո՞ ինչ, որ մորուքավոր ու անմորուք դյադյաներ ու տյոտյաներ հայտնվում են էկրանին ու սահուն լողորդների նման միասա՜հ անցնում՝ հանգի՜ստ, դանդա՜ղ, արդա՜ր, թափանցի՜կ... Մեկ էլ մի հիմար, ասենք ինձ նման, դուրս է գալիս ու ասում՝ ընտրությունն արժե այնքան, որքան գնահատում է ժողովուրդը: Ո՜չ, սաստում են նմաններին՝ ընտրությունն արժե այնքան, որքան գնահատում է իշխանությունը: Հենց այստեղ էլ կանգ առնենք:



Հայաստանում ընտրության գնահատականը տալիս է իշխանությունը՝ իր նազիր-վեզիրներով: Նայե՜ք, թե ովքեր են խոսում խորհրդարանական այս ընտրության արդարությունից, թափանցիկությունից, ովքեր են գովերգում, կուրծք ծեծում, իրենք իրենց գնահատական դնում: Նրանք մի դասի են պատկանում՝ ապահովված, իշխանությունների կողմից կերակրված: Ապահովվածները գոհ են, որովհետեւ չի վտանգվում իրենց ապահովությունը, անապահովները դժգոհ են, որովհետեւ վտանգվում է իրենց գոյությունը: Վիճակագրություն կա, որը տալիս է ապահովվածների ու աղքատ դասի տոկոսային հարաբերակցությունը:



Սարսափելի են թվերը, ու հիմա ինչ-որ մարդկանց ապացուցել, որ սոված մարդը նպատակահարմար է գտել, որպեսզի եւս մի քանի տարի ինքն ու երեխաները քաղցի մեջ մնան, որպեսզի օլիգարխիան անցնի խորհրդարան, ուղղակի ծիծաղելի է...



Կեղծվե՞ց ձայնը, միեւնույն է, այն կա, թեեւ լուռ ընդվզումով, բայց կա: Որքան ասում են՝ ամեն ինչ փոխվում է, այնքան ամեն ինչ նույնն է մնում: Այն արտահայտվում է անվստահության, անհավատության պատով, որ ժողովուրդը դնում է իր ու իշխանության միջեւ: Մինչդեռ երկիրն առաջ տանելու մի ճանապարհ կա միայն՝ հավատ, վստահություն իշխանության հանդեպ: Դա չկա: Պատը դրվել է, եւ իշխանական «Հավատանք, որ փոխենք» բառերն անզոր են այն փլելու: Գործողություն է պետք, որը չեմ տեսնում:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ