Ետընտրական պատմություններ

Ետընտրական պատմություններ
Զրուցակիցս վերջին երկու ամիսներին մարզում է եղել եւ այնտեղ էլ հետեւել է խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք տարբերվում են մայրաքաղաքում ապրողիս եւ մարզից եկողի տպավորությունները: Նրա մի քանի դիտարկումը գրավում են ուշադրությունս:



Նախ, պնդում է, որ մարզերում, գյուղերում ապրող մարդիկ շատ ավելի ազնիվ են ու պատասխանատու. եթե փող վերցրեցին, ապա անպայման քվեարկում են հենց այդ թեկնածուի օգտին: Եթե չեն ընտրելու, ուրեմն փողն էլ չեն վերցնի՝ վստահ հայտարարում է զրուցակիցս:



Պարզվում է՝ այս ընտրություններում այնքան շատ է եղել փողի գործոնը, որ մարդիկ կարողացել են ընտրություն կատարել, թե ումից վերցնեն, որ իրենց խաբված չհամարեն եւ սեփական սկզբունքներին էլ դեմ չգնան: Եղել են ընտանիքներ, որոնք կիսվել են երկու մասի. մեկը մի կուսակցությունից է փող առել, մյուսը՝ մյուսից եւ «ազնվորեն» ձայն է տվել իր ստնտուին:



Մարզից եկած պատմիչս ասում է, որ մի ընտանիք փող էր առել իր հինգ անդամների համար՝ հաշվի չառնելով, որ ուսանող տղան այդ օրը Երեւանից կգա գյուղ ու կկարողանա մասնակցել քվեարկությանը: Եվ քանի որ նրա հաշվով փող վերցրած չեն եղել, չեն էլ թողել, որ մասնակցի ընտրություններին. քվեարկության գնացել են միայն գյուղում ապրող ընտանիքի անդամները: Բացի փողը, մարզերում աշխատել է նաեւ «բնամթերքը», հատկապես՝ ալյուրը:



Գյուղի տարեցները, որոնք հացի պաշտամունք ունեն, մի պարկ ալյուրը համարել են ամենաթանկ ընտրակաշառքը եւ մեծ շնորհակալությամբ քվեարկել ալյուր տվողների օգտին: Ամենազավեշտալին իշխանական կուսակցությունների միջեւ ձայների բաշխման բազառներն են եղել. թաղ-թաղ, տուն-տուն բաշխում է կատարվել՝ «այս գյուղում դու փող կբաժանես, այն գյուղում՝ ես» սկզբունքով: Արդարաբար: