Եթե մեկը իշխանություն չէ, ապա ընդդիմություն է

Եթե մեկը իշխանություն չէ, ապա ընդդիմություն է
Երեկ, մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ, ՀՀԿ-ում անտրամադիր  էին, այստեղ անակնկալի էին եկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախօրեի հայտարարությունից, որով հրաժարվել էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց: Երեկ, ինչպես եւ նախօրեին, ՀՀԿ-ականներն ընդհատակում էին, մեզ հաջողվեց զրուցել ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի՝ Թունելի Հակոբի հետ:



- Պարոն Հակոբյան, իսկապե՞ս ՀՀԿ-ում անտրամադիր են, ասում են՝ ԲՀԿ-ն վատ վիճակի մեջ դրեց` համագործակցության նպատակով մեկնած ձեռքը չբռնելով, եւ դրանով հարված հասցրեց նաեւ ՀՀԿ-ի վարկանիշին:



- Ես նախօրեին չեմ եղել ՀՀԿ գրասենյակում եւ նմանատիպ մթնոլորտի մասին չեմ կարող խոսել եւ չեմ կարծում, որ նման մթնոլորտ լինի: ՀՀԿ-ի վարկանիշը կապ չունի, թե նա ում հետ կհամագործակցի:



- Բայց չէ՞ որ երեք շաբաթ երկուստեք բանակցություններ էին ընթանում, Ձեր կուսակցությունը հավանաբար կոալիցիայի առաջարկ էր արել, ըստ էության շահագրգռվածություն կար ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու:



- Ես չգիտեմ  ով է բանակցել, կարող եմ իմ անունից ասել, որ բանակցողների մեջ չեմ եղել: Կարող եմ ասել հետեւյալը. ԲՀԿ-ն օգտագործեց իր սահմանադրական իրավունքը եւ հայտարարեց, թե քանի որ ինքը չի կարող ձեւավորել կառավարություն եւ դրա համար հրաժարվում է կոալիցիայից, ՀՀԿ-ն էլ օգտագործել է իր սահմանադրական իրավունքը եւ կձեւավորի կառավարություն:



Հիմա դուք ի՞նչ եք ասում, ասում եք, որ ՀՀԿ-ն պատրա՞ստ չի դրան. չարաչար սխալվում եք, անկախ այն բանից, թե ինչպիսի բանակցություն է եղել, ինչ են խոսել, որ պահին ով է շատ շահագրգռված եղել, ՀՀԿ-ն պատրաստ է այդ ամենին: Ինչի մինչեւ հիմա ովքե՞ր են եղել պատասխանատուները, նախընտրական շրջանում մոռացե՞լ եք ինչ էր կատարվում՝ բոլորն ասում էին. ՀՀԿ-ն է պատասխանատու, մենք չենք:



Ամեն ինչի լավն իրենցն էր, վատը՝ ՀՀԿ-ինը: Հիմա ՀՀԿ-ն պատասխանատվությունը կվերցնի իր վրա, եթե չի կարող, մանդատները վայր կդնի, ի՞նչ խնդիր կա:



- Պարոն Հակոբյան, բնական է, որ քաղաքական մեծամասնություն ունեցող ուժը միայնակ էլ կարող է կառավարություն ձեւավորել, բայց հեռահար ծրագրերում 2013-ին ՀՀԿ-ի համար ԲՀԿ ռեսուրսն արդյո՞ք անհրաժեշտ չէր:



- Եթե ռեսուրսը բաժանենք երկու մասի՝ քաղաքական եւ ձայների, ապա ես կասկած չունեմ, որ ինչքան 2008-ին է եղել (նկատի ունի Սերժ Սարգսյանի օգտին), այնքան էլ 2013-ին կլինի: Ես դա հստակ հայտարարում եմ, որովհետեւ ես եղել եմ ընտրատարածքի պատասխանատու: Մեր ընտրազանգվածը բացարձակ քաղաքական չի, որ մտածենք՝ ԲՀԿ-ի համար ձայն տա նախագահին, թե մյուսի:



- Այդ դեպքում ինչո՞ւ էր ՀՀԿ-ն շահագրգիռ կոալիցիա կազմելու:



- Անցած անգամ  ՀՀԿ-ն նորից կոալիցիոն կառավարություն ստեղծեց, որպեսզի հասարակության լայն  խավերի շահերն արտահայտող քաղաքական ուժերը հանդես գան կառավարման գործընթացում: ՀՀԿ-ն հիմա էլ է շահագրգիռ եւ ասում է՝ այո, հաղթել ենք, բայց շահագրգռված ենք: Ի՞նչն է այստեղ վատ:



- Հիմա ե՞ւս մտահոգություն չկա, որ ԲՀԿ-ն կգործի ընդդիմադիր դաշտում:



- Դա փաստ է արդեն, կոալիցիայի մեջ չի, ապա ընդդիմությունում է: ՀՀԿ-ն իր խնդիրները լուծել է, 50+1 ապահովել է եւ, ըստ Սահմանադրության, ունի պարտավորություններ, որ պետք է կատարի: Այսքանը:



- Ծառուկյանն իր հայտարարության մեջ նշել է, որ կառուցողական դաշտում են:



- Ես կառուցողական չեմ հասկանում, կա դիմություն եւ ընդդիմություն: Այսինքն, պիտի բաժանեն իրար մեջ եւ մի օրենքին կողմ քվեարկեն, մյուսին՝ ոչ: Եթե մեկը իշխանություն չէ, ապա ընդդիմություն է:



- Իսկ գուցե նման բնորոշումը նշանակում է, որ դեռ չե՞ն փակել համագործակցության դռները: Հնարավոր է ՀՀԿ-ն նորից առաջարկով հանդես գա:



- Ես իրենց տեղը չեմ կարող պատասխանել: Քաղաքականության մեջ անհնար ոչինչ չկա:



- Կոալիցիոն նոր հուշագրում ամրագրված է, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի հետ սատարելու է գործող նախագահի թեկնածությունը, այս հարցն էլ է լուծվել, եթե ոչ՝ ինչո՞ւ ՀՀԿ-ից ԲՀԿ-ին չեն հիշեցնում սրա մասին, ոչ էլ ԲՀԿ-ն է հայտարարում սեփական թեկնածուով հանդես գալու մասին: Սա նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ի քայը ՀՀԿ-ի հետ համաձայնեցված էր՝ որոշակի նկատառումներով:



- Հարցն ուղղեք ստորագրողներին… Բայց ես նորից եմ կրկնում՝ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Օրը կգա, բարին՝ հետը: