Ավագանու մանդատներն էլ չվերցնե՞նք

Ավագանու մանդատներն էլ չվերցնե՞նք
Ըստ օրենքի՝ հնարավոր չէ համատեղել ԱԺ պատգամավորի եւ ավագանու մանդատները: Ինչը նշանակում է, որ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու դեպքում մարդը պետք է հրաժարվի կամ ավագանու անդամությունից, կամ ԱԺ պատգամավորությունից: 2009-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած եւ 13 մանդատ ստացած Հայ ազգային կոնգրեսը, թեեւ ժամանակին չէր վերցրել այդ մանդատները, սակայն չէր էլ հրաժարվել դրանցից: ՀԱԿ 13 ներկայացուցչից 4-ն այժմ դարձել են ԱԺ պատգամավորներ: Նրանք են՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ինչպես նաեւ «Ժառանգության» ցուցակով ընտրված պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:



Համամասնական ցուցակներով պատգամավոր ընտրված այս անձանց ինքնաբացարկի եւ ավագանու լիազորությունները դադարեցնելու պարագայում ՀԱԿ-ի այդ 4 անձանց եւ Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն ավագանու մանդատները պետք է առաջարկվեն ՀԱԿ ավագանու ցուցակի 13-րդ հորիզոնականից հետո գտնվող հաջորդ հինգ հոգուն:



Նրանցից երեքը ՀԱԿ շարքերը օրերս լքած «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներն են` Լյովա Եղիազարյանը, Նորիկ Եղիազարյանը եւ Արտակ Զեյնալյանը, որոնց հաջորդում են ՀԱԿ անդամներ, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:



Հիշեցնենք, որ երեկ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, ինչպես նաեւ Խաչատուր Քոքոբելյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ եւ հրաժարվել են Երեւանի ավագանու անդամի իրենց մանդատներից: Կվերցնե՞ն արդյոք այժմ ՀԱԿ անդամները ավագանու մանդատները:



«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ չեն վերցնի մանդատները, իսկ ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ կապվել չհաջողվեց: Թերեւս ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանն է միայն մայիսի 11-ին  դիմել ԿԸՀ` պահանջելով իրեն տալ իր մանդատը՝ հայտնելով, թե ինքն էլ ցանկանում է ավագանու ամբիոնն օգտագործել: Առայժմ, բացի Ռուբեն Թորոսյանից, ցուցակում որեւէ մեկը ավագանու մանդատը վերցնելու ցանկություն չի հայտնել:



Ի դեպ, ավագանու մանդատները վերցնելու առաջարկներ ու մտայնություններ կան նաեւ ՀԱԿ շարքային որոշ անդամների շրջանում: Օրերս «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկն առաջարկել էր մտածել՝ չարժե՞ արդյոք օգտագործել նաեւ այս ամբիոնը՝ ԱԺ ամբիոնին զուգահեռ: Ի վերջո, ոչ միայն քաղաքական իրավիճակ է փոխվում, այլեւ կյանքը ցույց տվեց, որ ընդդիմությունն ու նրա առաջնորդն էլ են երբեմն իրենց դիրքորոշումն ու մարտավարությունը փոխում եւ անգամ երբեմնի իրենց թշնամիների հետ համագործակցում: