Այս անգա՞մ էլ լղոզած որոշում

Այս անգա՞մ էլ  լղոզած որոշում
Հայաստանի Սահմանադրական դատարանում երեկ քննվում էր Հայ ազգային կոնգրեսի դիմումը` մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Գործով որպես պատասխանող ճանաչված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի հենց սկզբում միջնորդել է դատարանին կարճել հայցը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: ՍԴ-ն, սակայն, մերժել է Մուկուչյանի միջնորդությունը եւ որոշել դիմումը քննել բանավոր կարգով: Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ-ում ներկայացնում էին փաստաբան Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վերջինս արձանագրել է, որ ընտրությունների մասնակիցների թիվն ուռճացված է: Զուրաբյանը ծիծաղելի է համարել 1,5 միլիոն մասնակիցների թիվը` կարծիք հայտնելով, թե ընտրություններին լավագույն դեպքում մասնակցել է 1 մլն 80 հազար մարդ:



Հաջորդ հանգամանքը Զուրաբյանը պայմանավորել է դրոշմակնիքների ցնդելու խնդրով: Նա նկատել է, որ իշխանությունը հրահանգավորել էր, որպեսզի մարդիկ գնան եւ ընտրեն վաղ առավոտյան, որից հետո արդեն կրկնակի ընտրելու հնարավորություն ունեն: Որպես երրորդ հանգամանք՝ նա ընդգծել է ընտրակաշառքների բաժանումը եւ վախի մթնոլորտում պարտադրված քվեարկությունը:



ՍԴ-ն որոշում է կայացրել հարցի քննությունը շարունակել մայիսի 29-ին, քանի որ պատասխանող կողմի հնչեցրած որոշ հարցերին լիարժեք պատասխանելու համար դիմող կողմը ժամանակ է խնդրել:



Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով ՍԴ են դիմել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված վեց թեկնածուներ, որոնցից հինգը` Հայ ազգային կոնգրեսից. Մանուել Գասպարյան (թիվ 3), Նիկոլ Փաշինյան (թիվ 7), Լեւոն Զուրաբյան (թիվ 9), Գագիկ Ներսիսյան (թիվ 17) եւ Դավիթ Մաթեւոսյան (թիվ 38): Նաեւ թիվ 37-ում ինքնառաջադրված Սամվել Հարությունյանը: Նրանց դիմումները քննարկվելու են հունիսին: Ի դեպ, Սահմանադրական դատարանում գործով զեկուցող են նշանակվել ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն ու Ֆելիքս Թոխյանը: