Թոմաս Բերնհարդ. «Վիթգեյնշթայնի զարմիկը»

Թոմաս Բերնհարդ. «Վիթգեյնշթայնի զարմիկը»
Համաշխարհային գրականության պատմության մեջ ամենաբարդ ու ամենատաղանդավոր տղերքից մեկը`  Թոմաս Բերնհարդը, ծնվել է 1931թվականին, Նիդերլանդների Հերլեն քաղաքում: Նա ապօրինի ծնունդ էր, որ իր ստեղծագործությունների մեջ հետագայում կդառնա ուսումնասիրության եւ եզրահանգումների կարեւոր շրջանակ: Թոմաս Բերնհարդի միակ ուսուցիչն ու դաստիարակը, ում նա համարում էր իր հոգեւոր հայրն ու իր գրականության աշխարհայացքը ձեւավորողը, հարազատ պապն էր, որ նույնպես գրող էր եւ մեկն էր այն բացառիկներից, ով լիովին նվիրված էր թոռանը եւ ոգեւորում էր նրա յուրաքանչյուր որոշում: Բերնհարդը փոքր հասակից տարվում է դասական երաժշտությամբ, սովորում է Զալցբուրգի հայտնի Մոցարտիում կոնսերվատորիայում, ցանկանում է զբաղվել երգարվեստով: Շուտով վրա հասած ծանր  թոքախտը շրջում է նրա ճակատագիրը: Կյանքի կեսից ավելին Բերնհարդն անցկացնում է թոքախտավորների դիսպանսերներում, հեռավոր սարերում գտնվող առողջարաններում, փորձում բուժվել` տանելով մի քանի ծանրագույն վիրահատություն: Հետագայում ինքնակենսագրական ուղղվածությամբ նրա ստեղծագործությունների տարածքներ են դառնում նույն թոքախտավորների դիսպանսերները,  խուլ, հեռավոր վայրերում լքված տնակներն ու դղյակները:



Ատելություն, կատաղություն, ընդվզում, մահվան սարսափ, աբսուրդ եւ, իհարկե՝ դասական երաժշտություն, մենակյաց, խելագար հերոսներ, ովքեր երբեմն փիլիսոփաներ են, երաժիշտներ, վիրաբույժներ, գրողներ՝ բացարձակապես զուրկ որեւէ կոմպրոմիսից, օժտված մեծ էրուդիցիայով, սեփական փիլիսոփայությամբ եւ  ցնդաբանություններով, որոնք, առանց դադարի մենախոսելով ընթերցողի ականջին, զառանցում են իրենց գաղափարները: Ահա սա է Բերնհարդի ինտերիերը:



Ավստրիան ու «սիրելի» ավստրիացիները Թոմաս Բերնհարդի հետ կյանքի օրոք էլ չգիտեին ինչպես վարվել. հպարտանա՞լ այս տաղանդավոր արձակագրի գործերով, թե՞ ողջ ուժով ատել եսասեր ու անտանելի գրողին, ով իր բառարանի ամենավատ բառերն օգտագործում էր՝ ամեն հարմար առիթով ու հնարավորության դեպքում վիրավորելով ու ստորացնելով պետությունը, ղեկավարներին, արվեստի ներկայացուցիչներին, ինքն  իրեն, ավստրիացի ժողովրդին:



Բերնհարդի մահը շարունակեց բուռն քննարկումների ու վիճաբանությունների տարափը, որովհետեւ նրան հաջողվեց իր թաղումը բոլորից գաղտնի պահել, իսկ կտակով ապացուցեց իր պինդ անհանդուրժողականությունը, արգելեց իր բոլոր ստեղծագործությունների վերահրատարակումը հայրենիքում, որ հանվել է ոչ շատ վաղ անցյալում:



«Վիթգեյնշթայնի զարմիկը» փոքրածավալ վեպը նրա գլուխգործոցներից է: Գերմանացի փիլիսոփա, անալիտիկ փիլիսոփայության հիմնադիր, նշանավոր «Տրամաբանական-փիլիսոփայական երկի» հեղինակ Լյուդվիգ Վիթգեյնշթայնի զարմիկ, ով վեպում հանդես է գալիս որպես Բերնհարդի ընկերը, տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ:



Պաուլը եւ Բերնհարդը բուժվում են նույն հիվանդանոցի տարբեր բաժիններում. մեկը՝ հոգեբուժարանում, մյուսը՝ թոքախտավորների դիսպանսերում, եւ ամեն կերպ ցանկանում են հանդիպել միմյանց` թույլ, լրիվ ջախջախված մարմիններին պարտադրելով բարձրանալ անկողնուց ու բժիշկներից ծածուկ քայլ առ քայլ առաջանալ դեպի ճակատագրական հանդիպումը: Պաուլի սերը դասական երաժշտության հանդեպ մոլագարության աստիճանի է հասնում, ինչի հետեւանքով նա վաճառում է իր ժառանգությունը եւ վերջում մեռնում աղքատության ու լքվածության մեջ:



Բերնհարդին եւ Պաուլին կապում են համատեղ հետաքրքրությունները` երաժշտությունը, փիլիսոփայությունը եւ պարզապես բոլոր այն զրույցներն ու վիճաբանությունները, որոնք լցնում են նրանց ընկերությունը: Բերնհարդի չոր պատումը, ընկերոջ մասին մտածմունքները, եզրահանգումները, թվում է՝ դաժան, անխիղճ մեկի ագրեսիվ, անհանդուրժող  վկայություն լինի, բայց միայն այս ձեւով կարելի է մոտենալ հանճարեղ Պաուլին, միայն այս ձեւով կարելի է ընկալել այն մեծ սերն ու հարգանքը, որ Թոմասն ունի ընկերոջ հանդեպ:



Վեպում Բերնհարդը, ինչպես միշտ, չի խնայում ոչ իրեն, ոչ Պաուլին, ոչ իրեն մրցանակ տվող ժյուրիի անդամներին: Նա խոսում է ճշմարտության իր վարկածի անունից` մոլագարի պես հավատալով դրան: Նա խոսում է սեփական անկրկնելի եւ հաճախ անընդունելի ոճով` հավատալով իր ճանապարհին մինչեւ վերջ: «Պաուլը խելագար էր ու չէր կարողանում թաքցնել իր խելագարությունը, ես նույնպես խելագար էի, բայց, ի տարբերություն Պաուլի, ինձ հաջողվում էր քողարկվել: Ես զսպում էի իմ խելագարությունը ու կոծկում»,- գրում է Բերնհարդը:



Օրհան Փամուկը Թոմաս Բերնհարդին նվիրված իր «Վերընթերցելով Թոմաս Բերնհարդին, երբ տխուր է» էսսեում գրում է, որ իր կյանքի բարդ ակնթարթներում դիմում է Բերնհարդի ստեղծագործություններին: «Բերնհարդն օգնեց ինձ հասկանալ, որ պետք է միշտ մնալ այնպես, ինչպես որ կաս, հավատարիմ ինքդ քեզ, սովորույթներիդ, վերջիվերջո զայրույթիդ: Որ կյանքում հիմարություն է հրաժարվել սեփական կրքերից, սովորույթներից հանուն լավ կեցության»:



«Կոնրադը հաճախ մտածում էր, որ հասարակությունը ոչինչ է, իսկ ստեղծագործությունը, որ ինքը գրում է՝ ամեն ինչ»: Բերնհարդի այս հերոսի գաղափարներն ու մտքերը շատ են կրկնվում նրա գործերում: Նրա հերոսները միշտ տարված են ինչ-որ դիվային նպատակներով, կատարյալ ինչ-որ մի բանի հասնելու մղումով: Նրանք հեռանում են հասարակությունից՝ կարեւորելով սեփական անհատականությունը եւ այն բոլոր ստեղծագործություններն ու մտքերը, որոնք կամ հասնում են վերջակետի, կամ փլվում կես ճանապարհին: Այդ խելահեղ տրոփյունը ոչ մի ակնթարթ չի հանդարտվում: