Ոստիկանությունը խոստանում է 23:00-ից հետո հրավառություն թույլ չտալ

Ոստիկանությունը խոստանում է 23:00-ից հետո հրավառություն թույլ չտալ
Հրավառությունները գեղեցիկ են, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը, արձանագրում է ՀՀ ոստիկանությունը:



Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հրավառությունները ժամը 23.00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը. հաճախ ականատես ենք կեսգիշերային, եւ ավելի ուշ ժամի հրավառությունների: «Ուրախության տերը պետք է հիշի ոչ միայն իր, այլև ուրիշների իրավունքների մասին. չէ՞ որ շրջակայքում մարդիկ են ապրում` ծերեր, հիվանդներ, երեխաներ, կանայք, որոնց գիշերային անդորրը խախտվում է հրավառությամբ` չխոսելով արդեն հնարավոր ավելի ծանր հետևանքների մասին: Ցավոք, այս իրողությունը երբեմն չեն ընկալում և իրավունքի ու պարտականության սահմանը խախտում են նաև զվարճանքի վայրերի սեփականատերերն ու պատասխանատուները »,- նկատում է ոստիկանությունը:



Այս իրավիճակն այլևս անհանդուրժելի է, ընդառաջելով քաղաքացիների բազմաթիվ բողոքներին` ոստիկանությունը հետևողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու, խախտումները կանխելու, օրինախախտներին պատասխանատվության կանչելու գործում: Ոստիկանությունը պատրաստակամ է այս դաշտում սերտորեն համագործակցելու բարի կամքի տեր բոլոր կառույցների ու քաղաքացիների հետ: