Դատական նիստը հետաձգվեց

Դատական նիստը հետաձգվեց
Սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող  <<Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս >> ՍՊ ընկերության կողմից հարկեր չվճարելու հետ կապված Շենգավիթի դատարանում քննվող 0008/01/12 քրեական գործով 2012 թվականի մայիսի 7-ին ցուցմունք տվեց Սեւակ Արզարունի /Արծրունին /, որը հայտնեց, որ 2009թ. նոյեմբերից-2010թ. սեպտեմբեր ամիսներին, որպես գլխավոր տնօրեն, անձամբ է ղեկավարել ընկերության ֆինանսական գործունեությունը: 



Սեւակ Արզարունին իր ցուցմունքում նշեց, որ ընկերությունում, որպես գլխավոր տնօրեն գրանցված չի եղել, սակայն ընկերությունից ամսական 720.000 դրամ աշխատավարձ է ստացել և  որպես շահաբաժին, ավանսի կարգով,  600.000  ԱՄՆ դոլարից ավելի գումար է ստացել, սա այն դեպքում, երբ ընկերության սեփականատեր Գարաբեդ Հարությունյանն իր և իր որդի Սարո Հարթունյանի կողմից կատարված ավելի քան 1,5մլն ԱՄՆ դոլարի ներդրման դիմաց անգամ մեկ դրամ շահաբաժին չի ստացել:



Ընկերությունից գումարներ վերցնելու մասին Սեւակ Արզարունին գործը քննած քննիչին կամ չէր հայտնել, կամ էլ քննիչ Ռաֆայել Մկրտչյանն այդ մասին հարկ չէր համարել արձանագրել իր կողմից համակարգչով հավաքված Սեւակ Արզարունու նախաքննական ցուցմունքում: Իսկ ահա դատաքննության փուլում դատախազ Պետրոսյանն իր հարցերով Սեւակ Արզարունուց <<կորզեց>> այդ ինքնախոստովանական ցուցմունքը:



Ի դեպ, ինչ վերաբերում է Սեւակ Արզարունու նախաքննական ցուցմունքին, ապա դատաքննության ժամանակ պաշտպանական կողմի փաստաբան Հայկ Ալումյանը մեկ այլ բացահայտում էլ կատարեց. Սեւակ Արզարունու նախաքննական ցուցմունքի մոտ 1/3 էջանոց մի պարբերություն copy-Paste էր արված մեկ այլ վկայի ցուցմունքից, որտեղ նկարագրվում է, թե նա ինչպես է մեկ այլ անձի <<ուղեկցել>>  Սեւակ Արզարունու գրասենյակ: Արդյունքում ստացվում է, որ Սեւակ Արզարունին այդ միջադեպի վերաբերյալ երրորդ դեմքով է ցուցմունք տվել: Ակնհայտ է, որ քննիչն է ցուցմունքը կազմել, իսկ Սեւակ Արզարունին միայն ստորագրել է դրա տակ:



Մինչ քրեական գործով դատաքննության ժամանակ ցուցմունք տալը, Սեւակ Արզարունին խուսափում էր հաշվետվություն ներկայացնել իր կողմից ընկերությունից վերցրած գումարների վերաբերյալ: Այդ կապակցությամբ  <<Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս >> ՍՊ ընկերության անունից 2010թ. դեկտեմբերին հայց է ներկայացվել դատարան` ընկերության նախկին տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի  եւ Հարթունյանների նախկին վստահված անձ Սեւակ Արզարունու դեմ, որով նաև ընկերությանը պատճառված վնասների հատուցման պահանջ է ներկայացվել: Հենց այդ հայցից/թիվ ԵԿԴ 2593/02/10 գործ/ հետո սկսվեց ճնշումներն ինչպես ընկերության, այնպես էլ ընկերության նոր տնօրեն Նարեգ Հարթունյանի և ընկերության այն աշխատակիցների դեմ, որոնք բարձրաձայնել էին ընկերությունում տեղի ունեցող չարաշահումների վերաբերյալ:



Սեւակ Արծրունու կողմից դատարանում տված ցուցմունքները, գործող օրենսդրության համաձայն, հանդիսանում են ապացույցներ, այդ թվում` թիվ ԵԿԴ 2593/02/10 գործով: Եւ հենց այդ հանգամանքը հիմք ընդունելով, Սեւակ Արծրունու ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա ընկերության անունից թիվ ԵԿԴ 2593/02/10 գործով ներկայացվեց հայցի առարկայի եւ հիմքերի լրացում, պահանջի ավելացում: Քանի որ Սեւակ Արզարունին ընկերությունից ապօրինաբար է վերցրել ոչ միայն 600.000 դոլարը, այլ, ըստ իր ցուցմունքի, 9 ամսվա ընթացքում նաև ավելի քան 6.480.000 ՀՀ դրամ աշխատավարձ էր ստացել և միայն 25.03.2010թ. <<գործուղման>> համար 859.400 ՀՀ դրամ էր ստացել, հենց այդ չափով  էլ  պահանջ է ներկայացվում Սեւակ Արծրունուն եւ Արտյոմ Մարտիրոսյանին:



<<Ընկերությունում եղած փաստաթղթերից տեղեկացել ենք, որ առնվազն 2010թ. մարտ, ապրիլ ամիսներին Սեւակ Արզարունու աշխատավարձը շատ ավելին է եղել, քանի որ ըստ իր սովորության, նա այդ ամիսներին ավանսի կարգով ամսական մոտ 950.000 ՀՀ դրամի չափով գումար  է ստացել: Սակայն պահանջը ներկայացված է այն չափով, որքան որ ինքն է ընդունել իր ցուցմունքում>>,-ասաց փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:



Թե ինչու պետք է այս մասով պատասխանատվություն կրի նաեւ ընկերության նախկին տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը, Լ. Հովհաննիսյանի մեկնաբանմամբ.  քրեական գործով գործով ցուցմունք տալիս Սեւակ Արզարունին ընդունեց, ինքն է հանդիսացել է ընկերության փաստացի ղեկավարը, մասնավորապես վարչական և ֆինանսական հարցերով, իսկ գործող օրենսդրության իմաստով` դրամական միջոցների շարժի հետ կապված պատասխանատվությունը կրում է տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը:



Անշուշտ, Սեւակ Արզարունու փաստաբան Նիկոլայ Հակոբյանն առարկեց միջնորդության դեմ, սակայն չհերքեց, որ Սեւակ Արզարունին ապօրինաբար նման չափի գումարներ է ստացել ընկերությունից:



Թե ինչ դիրքորոշում կունենա դատավորը, պարզ կդառնա առաջիկայում:



Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 12-ին: