Հայաստանում յուրաքանչյուր 10 դեռահասից 9-ի տներում ծխում են

Հայաստանում յուրաքանչյուր 10 դեռահասից 9-ի տներում ծխում են

Ծխախոտի օգտագործումը հանդիսանում է հիվանդացության, հաշմանդամության և մահացության թիվ մեկ կանխարգելվող պատճառն ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում:  Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ յուրաքանչյուր երկրորդ երեխայի առողջությունն աշխարհում վտանգվում է երկրորդային ծխի ազդեցության հետևանքով:  Հայաստանում երեխաներն ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը ինչպես տանը, այնպես էլ հանրային վայրերում: Այսպես, օրինակ, ըստ երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման վերաբերյալ համաշխարհային հարցման՝ Հայաստանում յուրաքանչյուր 10 դեռահասից 9-ի տներում ծխում են իրենց ներկայությամբ, իսկ 8-ը՝ ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը հանրային վայրերում:



Անդրադառնալով ծխելու և երկրորդային ծխի հիմնախնդրին՝ Պողոսյան պարտեզները, որը հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական գիտությունների ֆակուլտետը և  «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը նախաձեռնել են  «Ուրախ խաղահրապարակ, որտեղ չեն ծխում» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է Սիրահարների այգու տարածքում գտնվող բացօթյա սրճարանի մի հատվածը, մանկական խաղահրապարակը և դրան հարող տարածքը դարձնել ծխախոտի ծխից ազատ գոտի:



Բացօթյա ծխից ազատ գոտու բացման միջոցառումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, Սիրահարների այգում: Մասնակիցներին սպասվում են մի շարք խաղեր, մրցույթներ և անակնկալներ: Միջոցառմանը կմասնակցի նաև   DJ Vakcina-ն (The Laboratory):



Միջոցառման սկիզբը ժ.13:00-ին:



 Լրացուցիչ տեղեկությունների  համար խնդրում ենք զանգահարել Արուսյակ Հարությունյանին 512621; 512592 հեռախոսահամարով կամ գրել  [email protected]  էլ. հասցեով: