Ադրբեջանական լոբբիստի անփառունակ ճակատագիրը

Ադրբեջանական լոբբիստի անփառունակ ճակատագիրը

Շվեդական ”Expressen” թերթը բացահայտել է Ադրբեջանի կողմից ֆինանասվորվող



Յորան Լինդբլադի գործունեությունը



Կարեւոր այս բացահայտման առիթով



Եվրոպայի Հայերի Համագումարը իր գոհունակությունն է հայտնել “Expressen” թերթին



 



«Բազմահազար ընթերցող ունեցող շվեդական “Expressen” օրաթերթի մայիսի 29-ի համարում հրապարակված՝ ««Մոդերաթ» կուսակցության բարձրաստիճան անդամի նոր պաշտոնը՝ սուր քննադատության առարկա» խորագրով հոդվածը իր տեսակի մեջ յուրահատուկ է:



Հայ ընթերցողի համար Յորան Լինդբլադ անունը անծանոթ չէ: Իշխող կուսակցության այս բարձրաստիճան անդամը մինչեւ 2010 թվականը եղել է Շվեդիայի Ռիքսդագի պատգամավոր, Եվրոպառլամենտում մի ժամանակ եղել է Հայաստանի մասին զեկուցողը, ուր եւ ամբողջությամբ լծվել է Ադրբեջանա-թուրքական կառքին՝ ողջ կարողությամբ ծավալել հակահայկական գործունեություն:



2010 թվականի պառլամենտական ընտրություններին վարել է բացահայտ հակահայ եւ միակողմանի քաղաքականություն: 2009-ին Ռիքսդագում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին ներկայացրել է ադրբեջանամետ բանաձեւ, որի նմանակը կրկին անգամ Ռիքսդագին ներկայացրեց ազգությամբ թուրք պառլամենտականը: Երկու դեպքում էլ նախագծերը մերժվեցին: Նույն օրերին, Յորան Լինդբլադը, հայկական կողմին մեղադրել է իր անձի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի մեջ:



Լինդբլադը ընտրվել է նաեւ Եվրոխորհրդի պառլամենտական ասոցիացիայի փոխնախագահ:



“Expressen” թերթը մանրամասնորեն բացահայտելով Լինդբլադի գործունեությունը, որպես Եվրոպայում ադրբեջանական շահերի պաշտպանության ջատագով, գրում է. «Լինդբլադի ընտրվելուց ընդամենը մի քանի օր անց, նրա հետ կապնվում են «ադրբեջանական եվրոպական կազմակերպությունից» եւ այնուհետեւ 2010-2011 թվականներին սկսվում է նրա լոբբիստական աշխատանքը, նշված կազմակերպության Բրուսելյան գրասենյակում: Հիշյալ կազմակերպությունը հաստատուն կապեր ունի Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի հետ»:



Թերթը մեջբերումներ կատարելով նաեւ «Վիքիլիքսից» մանրամասնորեն բացահայտում է ադրբեջանական նշյալ կազմակերպության իշխանածին  էությունը, քողազերծում նրա ոչ անկախ եւ ոչ դեմոկրատական էությունը:



Այնուհետ “Expressen”-ը անդրադառնում է նավթարդյունաբերության եկամուտներին, ալիեւյան կլանի ողջ գործունեությանը, որ թե տնտեսապես եւ թե քաղաքականապես «պատկանում են Ադրբեջանի բացարձակ վերնախավին եւ տիրում՝ ըմպելիքից խավիար արտադրող ընկերություններին»:



Հոդվածը շվեդական Amnesty international-ի ներկայացուցիչ՝ Էլիզաբեթ Լոֆթգրենից հղում կատարելով, գրում է,- «Նա, ով  աշխատում է նման կազմակերպության մեջ եւ Ադրբեջանի համար կատարում է լոբբիստական ծառայություն, պետք է տեղյակ լինի, որ նպաստում է մարդկային իրավունքների ոտնահարմանը»:



Երբ թերթի լրագրողը հարց է տվել Յորան Լինդբլադին իր ստացած վարձատրության չափի մասին, նա միմիայն ասել է, որ «դա պայմանագիր է իր եւ գործատուի միջեւ եւ ըստ պայմանագրի իրաունք չունի այդ մասին խոսել»:



Օրինաչափության չհամընկնող այս «լոբբիստական» պաշտոնի ընդունման համար Յորան Լինդբլադը, ինչպես ասում են, չորս կողմից սուր քննադատության է ենթարկվել:



Եվրոմինիստր Բիրգիտտա Օհլսոնը կտրուկ արձագանքել է.- «Եթե տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա դա խիստ մտահոգիչ է: Ադրբեջանը  դիկտատորական երկիր է, ուր ռեժիմի քննադատությամբ հանդես եկող բլոգերները, ազատ լրագրողներն ու այլախոհները հալածանքի են ենթարկվում: Անընդունելի եւ դատապարտելի է, որ  շվեդական պառլամենտի նախկին պատգամավորը տուրք վճարի  ադրբեջանական հետաքրքրություններին»:



Ադրբեջանական այս ողորմելի լոբբիստը քննադատության է արժանացել նաեւ իր իսկ կուսակցության՝ «Մոդերաթ»-ների կողմից.  «Եթե իրականություն է, որ նա գործում է այդ ռեժիմի համար, ապա դա խնդրահարույց երեւույթ է, քանի որ  հակասում է կուսակցության հիմնական արժեքներին»,- ասել է «Մոդերաթ»-ների խմբի ղեկավար Աննա Կինգբերգ Բաթրան:



Սուր քննադատությամբ են հանդես եկել նաեւ «Կանաչ»ների եւ «Ձախ կուսակցության» ներկայացուցիչները:



Ռիքսդագում եւ «Ձախ կուսակցության» արտաքին հարցերի հանձնախմբի ներկայացուցիչը այս կապակցությամբ ասել է, որ «նման գործելաոճը եւ դիկտատուրի կողմից վարձատրումը պարզ է, որ բացարձակապես անընդունելի է: Յորան Լինդբլադը պարզապես շատ վատ դատողություն ունի խնդրո առարկա հարցի վերաբերյալ: Իսկ եկամուտների ներկայացման առումով թեպետ թղթի վրա թվում է թե չկա կեղծիք, սակայն պարզ է, որ նա ոչ պարկեշտ կերպով ավելացրել է իրեն հասանելիք երաշխավորված եկամուտը»:



Եվրոպայի Հայերի Համագումարը, լուսաբանող այս հոդվածի հրապարակման կապակցությամբ, իր գոհունակությունն է հայտնել “Expressen” թերթին, համոզում հայտնելով, որ Յորան Լինդբլադի ճակատագիրը սպասում է նաեւ բոլոր այն ծախու պաշտոնյաներին ու  գործիչներին, ովքեր դավաճանելով իրենց խղճին ու մարդկության իդեալներին եւ անտեսելով պատմական ճշմարտությունները, կատարում են իրենց քաղաքական կյանքի ամենախոշոր սխալը:



Եվրոպայի Հայերի Համագումար

           Տեղետվական գրասենյակ