Ոչ մի տրամաբանություն

Ոչ մի տրամաբանություն
Մեկը հայտարարում է իր «խիստ կառուցողական ընդդիմություն» դառնալու մասին, մյուսն ընդդիմադիր դիրքերից հայտարարություն է անում, թե խորհրդարանի առաջին նիստին չի մասնակցելու, իսկ հաջորդ նիստերին ակտիվորեն մասնակցելու է, երրորդը կրկին ու կրկին հավաստիացնում է, թե հաջորդ նախագահական ընտրություններում իր հինգ տոկոս ձայնով հզոր ու անսասան սատարելու է Սերժ Սարգսյանին, չորրորդն առանց հայտարարության չի ներկայանում մանդատները ստանալու արարողությանը, իրեն չի ներում այլ կուսակցությունից երկու անձի իր հետ խորհրդարան տանելու որոշման համար: «Գժանոց»՝ կասեր աղջիկս:



Երբ փորձում ես մեր քաղաքական ուժերի գործողություններում ու խոսքերում տրամաբանություն, քաղաքական հաշվարկ, գործողությունների ծրագիր փնտրել, մնում ես շիվար: Վստահ եմ, որ այս բոլոր ուժերում կան խելամիտ, քաղաքական մտածողություն ունեցող անձինք, սակայն նրանք կամ փոքրամասնություն են, կամ տգիտությունն ու տխմարությունը մարտնչող են, եւ ինտելեկտուալները զիջում են նրանց: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է Հայ ազգային կոնգրեսում երեկվա «հանճարեղ» հայտարարության հեղինակը: Ուզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը դեմ են եղել այդ թատրոնին:



Գիտակցել են, որ այդ կեղծ երեսպաշտությունը, այդ ծիծաղելի բողոքի ակցիան չեն կարող որեւէ բան նշանակել: Եթե գնում ես ԱԺ, ուրեմն բարի եղիր առանց կոտրատվելու ու չեմուչումի գնալ: Որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ այլընտրանք չկա, եւ այս երկրում միակ քաղաքական ամբիոնը խորհրդարանն է, եւ որեւէ քաղաքական ուժ հիմար պետք է լինի այդ ամբիոնից հրաժարվելու համար: Իսկ ԱԺ գնալու պարագան այլեւս բացառում է փողոցային պայքարի մեթոդներն ու լոկալ բոյկոտները: Դրանց պետք է հրաժեշտ տալ եւ առաջ նայել: