Ինչի համար են ափսոսում կանայք

Ինչի համար են ափսոսում կանայք
Արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս,

Չարածներիդ համար պիտի ասես ափսոս, հազար ափսոս...



Իմ սիրելի Տերյանի հետ ես այնքան էլ համաձայն չեմ՝ երբեմն կինն ափսոսում է նաեւ արածների համար: Մտածում է՝ շատ եմ տվել, քիչ ստացել: Արժանավորին չեմ տվել: Կամ շնորհքս չի հերիքել ինձ՝ արժանին ստանալու համար: Բայց դրանք ընդամենը, ինչպես ընկերուհիս է ասում, կնիկական բաներ են՝ ճղճիմ: Կին կոչվող շռայլ էակներին ոչ սազական: Շատ ավելի հաճախ ափսոսում ես չարածներիդ համար, որ նույնն է թե ափսոսաս, որ լիարժեք չես ապրել, ինքդ քեզնից ես խնայել, կյանքիդ ամեն րոպեն ու շանսը չես օգտագործել:



Ես, օրինակ, շատ եմ ափսոսում, որ այդպես էլ լիարժեք օտար լեզու չսովորեցի: Մտածում եմ, որ դա շատ աղքատացրեց կյանքս՝ ինչքան շատ մարդկանց հետ կկարողանայի շփվել: Իսկ մարդկային շփումն ամենաարժեքավոր բանն է կյանքում: Օտարալեզու գրականության ողջ հմայքը կզգայի՝ թարգմանելիս հաստատ դրանցից շատ բան է պակասում: Շրջագայելիս հաղորդակցվելու դժվարություն չէի ունենա: Ծուլացա, ծուլությունս վերագրեցի զբաղվածությանս ու մատների արանքով նայեցի այդ խնդրին: Ափսոսում եմ, որ ժամանակին մեքենա վարել չսովորեցի. իհարկե այդ ծրագրից դեռ չեմ հրաժարվել, բայց ասում են՝ երիտասարդ տարիքում դա ավելի հեշտ ու լավ է ստացվում:



Ափսոսում եմ, որ երրորդ զավակը չունեցա: Երբ նայում եմ երկու երեխաներիս, հասկանում եմ, որ դրանցից կարելի էր չորսը-հինգն էլ ունենալ, ու կշահեի ոչ միայն ես, այլեւ (թող անհամեստ չհնչի) ազգս: Ափսոսում եմ մի քանի կորցրած շանսերի համար. նկատի ունեմ աշխատանքային առաջարկները, որոնք ընդունելու դեպքում կյանքս կարող էր բոլորովին այլ կերպ դասավորվել: Կեղծ համեստության, կոմպլեքսների, հորինած արժեքների զոհը դարձա. մտածում էի՝ կարիերան կնոջ ինչի՞ն է պետք, կնոջն ամուր ընտանիք ու անձնական երջանկություն է պետք: Պարզվեց՝ կարիերայի բացակայությունն ամուր ընտանիք ունենալուն ոչնչով չի օգնում, իսկ գուցե հակառակը՝ դրա առկայությունն օգնե՞ր անձնական երջանկություն ունենալուն:



Ափսոսում եմ նաեւ, որ նյութական բարիքներ չկարողացա կուտակել: Դրանց նկատմամբ անտարբերությունն ինձ միշտ է բնորոշ եղել, բայց հիմա հասկանում եմ, որ դրանց առկայությունը նաեւ ազատություն է նշանակում՝ նյութականի հոգսից ազատ ապրելու ու ստեղծագործելու հնարավորություն: Մասնագիտությանդ մեջ լիովին խորանալու հնարավորություն: Ափսոսում եմ, որ այդպես էլ իմ երազած այգին չունեցա: Գուցե դրանով զբաղվելու ժամանակը դեռ առջեւո՞ւմ է, բայց կարող էի, չէ՞, տասը տարվա հասուն ու խնամված պարտեզ ունենալ, որտեղ ամեն ծառ ու ծաղիկ խնամված ու իր տեղում լիներ: Շատ ու շատ չարածների համար կարելի է հետին թվով ափսոսալ, բայց ափսոսանքը կառուցողական զգացում չէ, այլ քանդող, ավերող: Այնպես որ, ափսոսանքիս համար էլ եմ ափսոսում...

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ