Պետություն չունենք

Պետություն չունենք
Հավանաբար բոլոր փոքր ժողովուրդներին է բնորոշ այն սնափառությունն ու պսեւդոհայրենասիրությունը, որն այս օրերին ամենուր աչք է ծակում: Ամենուրեք հերոսացող, ավելի շուտ՝ աքլորացող մարդիկ, ովքեր, սահմանից եկող լուրերը լսելով, «քաջ նազար» են կտրում՝ գնանք թուրքին կոտորենք, Բաքուն դարձնենք արյան ծով, մեր պատմական սահմանները վերականգնենք եւ այլն: Անշուշտ, երբ մեր հայրենիքին վտանգ սպառնա, եւ գա անայլընտրանք ընտրության պահը, կհայտնվեն այն հայրենասեր «մահապարտները», որոնք իրենց կյանքի գնով կպաշտպանեն Հայաստանն ու Արցախը:



Բայց ես վստահ եմ, որ դրանք այն մարդիկ են, ովքեր այս օրերին չեն պոռոտախոսում ու տաքուկ Երեւանից թշնամու դեմ սրեր չեն ճոճում: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց խոսքով ու գործով երբեք պատերազմ չեն հրահրի, այլ ամեն ինչ կանեն, որ պատերազմը կանխվի, եւ անիմաստ զոհեր չունենանք: Կասեք՝ հայրենիքի համար տրված զոհերն անիմաստ չե՞ն: Ոչ, 21-րդ դարում զենքով ու զորքով, մարդու կյանքի գնով տարածքային հարցեր լուծելը ոչ միայն անիմաստ է, այլեւ խոսում է այն մասին, որ մենք չունենք պետություն ու պետական կառույցներ, դիվանագիտություն ու որակյալ դիվանագետներ, ազգային խելամտություն եւ խելացի որոշումներ կայացնելու ունակ գործիչներ:



Եթե ամենավճռական պահին մենք մեր գենոֆոնդի լավագույն տեսակներին թնդանոթի միս ենք դարձնում, ապա ինչպե՞ս ենք հաղթահարելու 21-րդ դարի մարտահրավերները՝ քաղաքակիրթ ու բարեկեցիկ երկիր կառուցելու խնդիրը: Եթե մենք 17-րդ դարին բնորոշ խնդիրներ ենք լուծում, ինչպե՞ս կարող ենք խոսել արդար ընտրությունների, տնտեսական հավասար մրցակցության, դեմոկրատական ինստիտուտների ստեղծման մասին: Չէ՞ որ 17-րդ դարում միայն ամրոցներ էին կառուցում եւ մտածում թշնամուն ոչնչացնելու մասին: