Վարչապետն իր ճանապարհն է հարթում դեպի ԱԺ

Վարչապետն իր ճանապարհն է հարթում դեպի ԱԺ
Թեեւ կառավարությունը չի ձեւավորվել, ԲՀԿ-ական պորտֆելները դեռ չեն տնօրինվել, եւ երեք նախարարից բացի մյուսները չեն նշանակվել, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանն ակտիվորեն հանդիպումներ է ունենում խորհրդարանական ֆրակցիաների հետ: Որոշ տեղեկությունների համաձայն, Տիգրան Սարգսյանն այս քայլով փորձում է հանդարտեցնել իրեն սպասվող փոթորիկները: Շատ լավ գիտակցելով, որ ԱԺ-ում սվիններով կընդունվի կառավարության ծրագիրը, որը ոչ այնքան պայմանավորված է ծրագրի որակով, որքան իր անձով, նախապես հանդիպելով տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձում է այն փոքր-ինչ մեղմել: Թեեւ կառավարությունում ոմանք կարծում են, թե վարչապետը դրա կարիքը չունի, քանի որ Հանրապետական ֆրակցիան էլ բավական է կառավարության  ծրագիրը սղղացնելու համար, սակայն երեւութական համերաշխություն ներկայացնելու եւ ընտրություններից դժգոհ կրքերը հանդարտեցնելու համար իշխանությունը պետք է համագործակցության իմիտացիա ստեղծի:



Հենց այդ նպատակով էլ վարչապետը նախ հանդիպել էր ՕԵԿ-ի հետ, ապա՝ ԲՀԿ-ի: Քաղաքական հակառակորդներ Գագիկ Ծառուկյանի եւ Տիգրան Սարգսյանի նախօրեի հանդիպումն իսկապես ուշագրավ է: Ծառուկյանի՝ կոալիցիա կազմելու գլխավոր նախապայմանն էր  Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը, ինչը չբավարարվելուց հետո ԲՀԿ-ն դարձավ կառուցողական ընդդիմություն: Կարծիքներ կան, որ Ծառուկյանի եւ վարչապետի հանդիպումը նշանակում է, որ Տիգրան Սարգսյանը չնայած մնաց իր պաշտոնին, սակայն, անկախ իր կամքից, ստիպված է հաշվի առնել ԲՀԿ առաջնորդի տնտեսական նկատառումներն ու ցանկությունները:



Թեեւ «կառուցողական ընդդիմության»  առաջնորդն օրը ցերեկով է հանդիպել վարչապետին եւ անձամբ ավելի քան մեկ ժամ գտնվել է կառավարության շենքում, չգիտես ինչու, ԲՀԿ-ում կոմպլեքսավորված են այդ քայլից եւ չեն ուզում դրա մասին խոսել: Վարդան Օսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հանդիպման է եւ չի կարող մեկնաբանություն տալ: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ հանդիպմամբ նոր հարաբերությունների, ոչ պաշտոնական կոալիցիայի սկիզբ է դրվել, Օսկանյանը պատասխանելու փոխարեն պատմեց, թե ինքն ինչ պատճառով պատասխանեց մեր զանգին: «Հասկացեք, հանդիպման մեջ եմ, ուղղակի զանգի էի սպասում, դրա համար վերցրեցի… Ես չգիտեմ ոչինչ, ես բան չունեմ ասելու…»,-վրդովված կրկնում էր նա:



Վարչապետին անողոք քննադատության ենթարկող դաշնակցականներին եւս հանդիպման հրավեր ուղարկվել է: Սակայն հանդիպումը դեռ չի կայացել: Ֆրակցիայում այսօր կքննարկեն ու կորոշեն՝ պե՞տք է հանդիպել վարչապետի հետ, թե՞ ոչ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Իսկ արմատական ընդդիմության խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենց նման առաջարկ չի եղել: Լինելու դեպքում ինչպե՞ս կարձագանքեն, կգնա՞ն վարչապետի նստավայր՝ քննարկելու կառավարության ներկայացվելիք ծրագիրը: Զուրաբյանը պատասխանեց, որ հրավերը դեռ պետք է քննարկեն:



ԲՀԿ շարքերը տեղյակ չէին, որ նման հանդիպում է եղել, իսկ  կառավարությունից լղոզված պատասխան ուղարկեցին այն մասին, որ վարչապետն աշխատանքային հանդիպումներ է ունենում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կառավարության ծրագրի դրույթները: