Էդուարդ Նալբանդյանը Ճապոնիայում քննարկել է Հարավային Կովկասի խնդիրները

Արտգործնախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հաստատված երկխոսությունը եւ խորհրդանշական համարել, որ ՀՀ նախագահի այցելությունը Ճապոնիա տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում:
Նախարարներ Նալբանդյանն ու Գեմբան հանգամանալից զրուցել են երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են հանդիպումից առաջ ԱԳՆ-երի միջեւ ստորագրված համագործակցության մասին հուշագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի իրենց ղեկավարած նախարարությունների փոխգործակցության սերտացմանը, քաղաքական խորհրդակցությունների ակտիվացմանը:
Բանակցությունների օրակարգում էին Կորեական թերակղզու եւ Հարավային Կովկասի խնդիրները, դրանց լուծման համար գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ միջազգային կազմակերպություններում հայ-ճապոնական փոխգործակցությանը, միմյանց թեկնածությունների աջակցությանն առնչվող հարցերին:
Հայաստանի ԱԳ նախարարն իր ճապոնացի գործընկերոջը հրավիրել է այցելել Երեւան:
Կարծիքներ