Ի շահ երկկողմ հարաբերության՝ Վիետնամում կբացվի Հայաստանի, Հայաստանում՝ Վիետնամի դեսպանություն

Ի շահ երկկողմ հարաբերության՝ Վիետնամում կբացվի Հայաստանի, Հայաստանում՝ Վիետնամի դեսպանություն
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան նախ այցելել է Զոհված հերոսների հուշարձան եւ Հո Շի Մինի դամբարան, ծաղկեպսակներ դրել, հարգանքի տուրք մատուցել:  Վիետնամի նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին հաջորդել է հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրվել են՝ Հայաստանի եւ Վիետնամի կառավարությունների միջեւ դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին, տնտեսական, առևտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին hամաձայնագրեր եւ երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ համագործակցության մասին արձանագրություն:



Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Չիոնգ Տան Շանգն ընդգծել են, որ Վիետնամը եւ Հայաստանն ավանդական սերտ բարեկամական կապեր եւ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսություն ունեն, հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, սակայն տնտեսական հարաբերությունների մակարդակը դեռևս չի համապատասխանում հայ-վիետնամական քաղաքական հարաբերությունների մակարդակին եւ առկա ներուժին: Նախագահները տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարեւորել են իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծումը: Այսօր ստորագրված փաստաթղթերը երկու երկրների ղեկավարներն այդ ուղղությամբ արված առաջին քայլն են համարել:



Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կողմից միջկառավարական հանձնաժողովներ ձեւավորելու մասին, ինչը, կողմերի համոզմամբ, ավելի գործնական հարթություն կտեղափոխի տարբեր ոլորտներում հայ-վիետնամական համագործակցությունը:  Հեռանկարային է համարվել առևտրատնտեսական, գիտատեխնիկական, անվտանգության, պաշտպանության, կրթության, կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների միջեւ փոխգործակցության, զբոսաշրջության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:



Նախագահները հանդիպման ավարտին ընդգծել են, որ Հայաստանը եւ Վիետնամն ունեն հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու քաղաքական կամք, ինչը երկու երկրների ժողովուրդների բարեկամության հետ միասին լավ հիմք են ընդլայնելու եւ խորացնելու երկկողմ կապերը: Այդ նպատակով, նախագահները կարեւորել են նաեւ երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը: