Արամուսում խուզարկում են
Ավելի ուշ տեղեկացանք, որ կա քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության գլխավոր քննչական վարչությունը Արամուսում քննչական գործողություններ է իրականացրել: Պարզվեց՝ խոսքը մոտ մեկ ամիս առաջ Արամուսի դպրոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին է, որի արդյունքում կոտրվել էր 17-ամյա աշակերտուհու՝ Մարիամ Մացակյանի ոտքը, եւ ճարպային էմբոլիայից աղջիկը մի քանի օրից հիվանդանոցում մահացել էր: Մամուլը բազմիցս անդրադարձավ այս դեպքին, եւ քանի որ գրվեց, որ այս գյուղում ինչ-որ չարաշահումներ ու յուրացումներ են կատարվել, ապա քննություն գնում է ոչ միայն մահվան դեպքի, այլեւ չարաշահումների մասով:
Այս հիմքով էլ ոստիկանությունը որոշել է հունիսի 8-ին խուզարկություն եւ փաստաթղթերի առգրավում կատարել գյուղի դպրոցում եւ գյուղապետարանում: Ինչո՞ւ գյուղապետարանում, քանի որ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը նաեւ գյուղապետի տեղակալն է: Գյուղապետարանում կատարված գործողությունն էլ ԲՀԿ-ն որակել է որպես իր կուսակցի հանդեպ ոտնձգություն, չնայած նկատենք, որ գյուղապետի տեղակալը եւս ԲՀԿ-ական է:
Ինչեւէ, խուզարկությունը կատարվել է, փաստաթղթերն առգրավել են, եւ փորձաքննություն պետք է կատարվի: Կարելի է ընդամենը ենթադրել, որ այս դեպքն առիթ է եղել, որպեսզի ԲՀԿ-ի դեմ ուղղված գործողություն իրականացվի: Ընդ որում, դեպքը լրջացնող մի հանգամանք էլ կա՝ մահացած աղջիկը ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի եղբոր թոռն է:
Կարծիքներ