Լեւոն Զուրաբյանի ելույթը հունիսի 26-ի հանրահավաքում

Լեւոն Զուրաբյանի ելույթը հունիսի 26-ի հանրահավաքում
Սիրելի ժողովուրդ,



Հետաքրքիր ժամանակներ են սկսվել Հայաստանում: Երեք օր շարունակ մեր հասարակությունը ականատես էր, թե ինչպես ընդամենը յոթ ժողովրդական պատգամավոր կարող են ռեժիմի ամբողջ խորհրդարանին ու կառավարությանը պահել լարվածության եւ շփոթվածության  մեջ, ինչը, համաձայն լրատվամիջոցների, վարչապետի պարագայում վերածվել է կայուն ընկճախտի:



Այդ մարդկանց տվայտանքները դժվար չէ հասկանալ: Տարիներ շարունակ նրանք անպատժելիորեն թալանել են սեփական ժողովրդին, բայց նաեւ ներկայացել են խորհրդարանում որպես պետական մտածողություն ունեցող, իմաստուն, ինտելեկտուալ եւ բացառապես ժողովրդի հոգսերով մտահոգ ղեկավարներ: Նրանք սովոր չեն ճմարիտ խոսքին, նրանք գունատվում եւ կարկամում են, երբ, վերջապես Ազգային ժողովում հնչում է ճշմարտությունը:



Իսկապես, ինչու՞ պետք է ընկճախտի մեջ չընկնի մի կառավարության վարչապետ, որի երեսին, վկայակոչելով հստակ եւ անհերքելի ապացույցներ եւ փաստեր, ասվեց,



  • որ նրանք գողերի եւ ընտրակեղծարարների կառավարություն են


  • որ նրա կառավարման տարիներիները եղել են աղքատության տարածման, արտագաղթի, տնտեսության անկման շրջան


  • որ տնտեսական ճգնաժամի խորությունը պայմանավորված է ոչ թե աշխարհի տնտեսական ճգնաժամով, այլ իրենց մերձավոր  ներկրող-մոնոպոլիստների շահերը սպասարկող քաղաքականությամբ եւ ոչ-կոմպետենտությամբ




Ես չգիտեմ, ինչքան շուտ այդ ընկճախտը վարչապետից  կփոխանցվի Սերժ Սարգսյանին, բայց ավելորդ չեմ համարում, որ մենք, այստեղ` Ազատության հրապարակում հավաքվածներս անվստահություն հայտնենք կառավարությանը եւ այս  իշխանություններին ի դեմս նրա գլխավոր պարագլուխ` Սերժ Սարգսյանի:



Խորհրդարանում Հայ Ազգային Կոնգրեսի յոթ պատագամավորների ձայնը զորեղ է, ոչ միայն այն պատճառով, որ այն ճշմարության ձայնն է: Այսօրվա իշխանավորները գունատվում են եւ կարկամում, որովհետեւ գիտեն, որ մեր հետեւում կանգնած է ժողովուրդը, դուք, հարյուր հազարավոր մարդիկ /ի դեպ, իրենք մեզանից լավ գիտեն, թե քանի ձայն են կեղծել անցած ընտրություններին/:



Մեր գործունեությունը խարհրդարանում միայն մեկ դեպքում կհաջողվի. եթե Ազատության հրապարակը շարունակի շնչել, եւ մենք շարունակենք լինել Ազատության հրապարակի ներկայացուցիրները խորհրդարանում: Պատահական չէր, որ երբ ես Ազգային Ժողովում կոչ արեցի հավաքվել Ազատության հարապարակում, Հովիկ Աբրահամյանը ասաց. «մենք մտածում էինք դուք այս ամբիոնը կօգտագործեք, իսկ դուք նորից կոչ եք անում միտինգների»:



Սերժ Սարգսյանի ռեժիմը մի պարզ բան չի հասկանում` մեզ համար միակ արժեքավոր ամբիոնը Հայաստանի ժողովրդի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակի ամբիոնն է: Որովհետեւ մենք գիտենք, որ եթե ինչ որ բան կարող ենք անել, ապա միայն ժողովրդի ուժով:



Իսկ անելիքները շատ են: Առջեւում նախագահական ընտրություններն են, որոնք վճռորոշ են լինելու այս ավազակապետության դեմ մղվող պայքարում: Իհարկե, կգտնվեն սկեպտիկներ, որոնք կասեն, թե ռեժիմը նույնքան հանգիստ կկեղծի նաեւ նախագահական ընտրությունները: Նրանք, սակայն, հաշվի չեն առնում հետեյալ իրողությունները: Նախագահական ընտրությունները Հայաստանում մշտապես ընկալվել են որպես իշխանության փոփոխության իրական հնարավորություն: Նախագահական ընտրություններում մարդիկ ավելի քիչ են հակված գործարքի գնալ իշխանությունների հետ, կամ գայթակղվել կարճաժամկետ նյութական ձեռքբերումներով, ընտրակաշառքներով: Ուստի, քաղաքական պայաքրը շատ ավելի սուր է լինելու եւ անհաշտ:



Բացի այդ, շարունակվում է Սերժ Սարգսյանի ռեժիմի քաղաքական հենարանի մեկուսացման գործընթացը: Ստեղծվել է հնարավորություն` Ազգային ժողովում ռեժիմի դեմ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ բոլոր ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը, եւ միասնաբար ակտիվացնել ժողովրդի հանրահավաքային պայքարը:



Հայ Ազգային Կոնգրեսը միակ ուժն է, որ կարող է ստանձնել երկրում քաղաքական փոփոխությունների լոկոմոտիվի դերը: Կոնգրեսը շարունակում է մնալ այն քաղաքական ուժը, ..որին անվերապահ վստահում է ժողովուրդը, որը իշխանության դիմադրության պայմաններում կարող է հազարավոր մարդկանց մոբիլիզացնել հանրահավաքների, ..որը չունի որեւէ կաշկանդվածություն կամ վախ իշխանությունների հետ հարաբերվելիս:



Աշնանը մենք պիտի պատրաստ լինենք բախտորոշ որոշումներ կայացնել` երկրում քաղաքական գորընթացների համար ողջ պատասխանատվությունը ստանձնելու եւ ռեժիմին մահացու հարվածը նախապատրաստելու նպատակով: Այս ընթացքում մեզանից մի բան է պահանջվում. պահպանել համախմբվածությունն ու միասնականությունը, պահպանել Շարժման ոգին, վճռականությունը եւ կառույցների մարտունակությունը: