Պայքար խառնակիչների դեմ

Պայքար խառնակիչների դեմ
Երեկ հրավիրված ՀԱԿ հանրահավաքի անհրաժեշտությունը կարծես թե չկար, քանի որ ամառային դադարի շրջան է, եւ քաղաքական իրադարձությունների սրացման հաջորդ փուլը կսկսվի միայն աշնանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին: Բայց ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն ասելիք ուներ, եւ այդ ասելիքն ուղղված չէր հայ հասարակությանը, այլ ավելի շատ միջազգային հանրությանը, Հայաստանի քաղաքական ուժերին եւ ինչ-որ մասով՝ նաեւ ՀԱԿ որոշ անդամների: Դրա համար հանրահավաքի մասնակիցների սակավությանը չի կարելի մեծ կարեւորություն տալ: Ինչ էր ուզում ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սկսենք այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ խոսեց ՀԱԿ առաջնորդը:



Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը տեւական ժամանակ է՝ կանխատեսում է, որ միջազգային հանրությունը ճնշում կբանեցնի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նկատմամբ եւ նրանց կստիպի գնալ պարտադրված լուծումների: Եվ հայ հանրությունն ի վերջո կհամոզվի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարգարե է եւ դեռ 15 տարի առաջ է կանխատեսել այն, ինչ այսօր իրականացվում է Սերժ Սարգսյանի կողմից: Այսինքն՝ տարածքների հանձնում: Այդ դեպքում նա կկարողանա ասել, որ կատարվեց իր մարգարեությունը, եւ Հայաստանը ստացավ ավելի քիչ, քան ինքն էր առաջարկում 97թ.:



Նա իր ելույթում մանրամասն համադրեց եւ համեմատեց ԵԱՀԿ եռանախագահ երկրների նախագահների կողմից 2009 թվականից ստորագրված եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ուղղված չորս ուղերձները: Ակվիլայի, Մոսկոկայի, Դովիլի եւ Լոս Կաբոսի հայտարարությունների համեմատությունից Տեր-Պետրոսյանը հանգեց այն եզրակացության, որ նախագահներ Օբամայի, Պուտինի եւ Օլանդի համբերության բաժակը վերջնականապես լցվել է, եւ, ի տարբերություն նախորդ երեք հայտարարությունների, որոնք բավական չեզոք էին, Լոս Կաբոսում իրենց կոշտ հայտարարությամբ հասկացրել են, թե՝ «պարոնայք Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ, բավական է խաղաք մեր համբերության հետ եւ հերիք է ձեռ առնեք: Կամ խելքներդ գլուխներդ հավաքեք, կամ էլ ձեզ հետ կխոսենք այլ լեզվով»:



Իսկ ամերիկյան վերլուծաբան Ուեյն Մերիի հոդվածի վերլուծությամբ էլ հանգեց այն մտքին, որ ժամանակն է, որ արտաքին ուժերը սպասարկեն իրենց սեփական շահերը եւ միջնորդությունից այն կողմ անցնեն: Կարելի է կարծել՝ մինչ այժմ արտաքին ուժերը սպասարկում էին ոչ թե սեփական, այլ ուրիշների շահերը:



Ինչ վերաբերում է ելույթի ներքաղաքական մասին, ապա այն ամբողջովին նվիրված էր ԲՀԿ-ին: Տեր-Պետրոսյանը նախ հայտարարեց, որ սխալվեցին այն ուժերը, ովքեր ասում էին, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ ընտրությունների է գնալու միասնական ցուցակով, հետո սխալվեցին, երբ ասում էին, որ խորհրդարանական ընտրություններից հետո մտնելու է իշխանական կոալիցիա: Այսպիսով, ըստ Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ-ն փաստեց, որ ինքն ընդդիմություն է, թեկուզ խորհրդարանում չի հայտարարել այդ մասին: Անդրադառնալով ԱԺ կանոնակարգի հիշյալ կետին, որը սահմանում է, որ խմբակցությունները պետք է հանդես գան ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, Տեր-Պետրոսյանը հեգնանքով ասաց. «ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով ասած՝ իդիոտիզմ է»:



Եթե Տեր-Պետրոսյանը դա հիմարություն եւ իդիոտիզմ է համարում, այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ խմբակցությունը, ավելի կոնկրետ՝ նրա քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ն ընդդիմադիր է: Թե՞ ԲՀԿ-ի համար դա իդիոտիզմ է, իսկ ՀԱԿ-ի համար՝ ոչ այնքան:



Կամ՝ Տեր-Պետրոսյանն ասում է. «Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը»: Միանգամայն ընդունելի դրույթ է, բայց ընդամենը մի քանի օր առաջ ԲՀԿ խմբակցությունը միահամուռ «կողմ» քվեարկեց Սեւանից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրինագծին, այն դեպքում, երբ իրենց ընդդիմադիր հայտարարած ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» «դեմ» քվեարկեցին, իրենց վրա չվերցնելով Սեւանը դատարկելու պատասխանատվությունը:



Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ը մաքրել է այն ուժերից, ովքեր դեմ էին ՀԱԿ-ի՝ ԲՀԿ կցորդ դառնալուն, բայց դեռ որոշ անհատներ կան: Հատուկ նրանց համար Տեր-Պետրոսյանը գնաց վիրավորանքի, որին քիչ է դիմում: Նա ասաց, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելը թուլացրել է Սերժ Սարգսյանին, եւ դա հենց այն է, ինչ ուզում էին իրենք, եւ այսպիսի հարցադրում արեց. «Էլ մեր ուզածն ինչ էր, եւ ինչով են զբաղվում խառնակիչները»: Ում նկատի ունի Տեր-Պետրոսյանը՝ «խառնակիչ» ասելով: Համենայնդեպս, միակ մարդը, ով շարունակում է մնալ ՀԱԿ-ի կազմում եւ հրապարակայնորեն կասկածել ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն, Նիկոլ Փաշինյանն է: ՀԱԿ-ում, իհարկե, էլի նման մարդիկ կան, բայց նրանք գերադասում են դրա մասին խոսել պատերի տակ:



Անշուշտ, Նիկոլ Փաշինյանը կգերադասեր, որ ինքը ոչ թե ինքնակամ հեռանար ՀԱԿ-ից, այլ իրեն այնտեղից հեռացնեին հակաբարգավաճական դիրքորոշում ունենալու պատճառաբանությամբ, բայց, կարծում ենք, Տեր-Պետրոսյանը փորձեց Փաշինյանին մանեւրելու տեղ չթողնել:



Ինչով բացատրել Տեր-Պետրոսյանի անսահման սերն առ ԲՀԿ: Ամենայն հավանականությամբ, նա նախագահական ընտրություններում կցանկանար պաշտպանել Վարդան Օսկանյանին, ում դեմ համառորեն հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը: Հենց դրա համար է նա հետեւողականորեն փորձում ապացուցել, որ ԲՀԿ-ն, այդ թվում Օսկանյանը, ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեր-Պետրոսյանն ասում է, որ ընտրությունների եւ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն համագործակցեց մյուս ընդդիմադիր ուժերի հետ, բայց, չնայած դրան, որոշ ուժեր փորձում են կասկածներ սերմանել եւ «Բարգավաճի» ցանկացած գործողության հետեւում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները ու վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին:



«Նախեւառաջ դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկ անգամ ընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, եւ Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ մարտի 1-ի հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է»,- հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես հասկանում եք վերոգրյալից, Տեր-Պետրոսյանը տարանջատում է ԲՀԿ-ն Քոչարյանից եւ հոկտեմբերի 27-ին ու մարտի մեկին հեղված արյան մեղքը դնում Քոչարյանի վրա, մաքրագործելով ԲՀԿ-ին եւ ԲՀԿ-ականներին:



Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը երեկվա հանրահավաքում հայտարարում էր, որ ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որ բարձրացնում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունների բացահայտման հարցը, ինչպես նաեւ՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման հարցը: Փաշինյանն ուզում էր ասել, որ միակ հետեւողական ընդդիմությունն իրենք են, եւ պետք չէ ինչ-որ քվեարկության պատճառով այլ ուժերի հռչակել ընդդիմություն: Ո՞վ է նրանցից ճիշտ: Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք եկած տեղերը պաուզա էր վերցնում եւ սպասում, որ իրեն ծափահարեն, այդպիսով ցույց տալով, որ ինքը ճիշտ է, միտինգավորները համաձայն են իր հետ: Իսկ ովքեր համաձայն չեն, խառնակիչներ են:



ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերին, եւ հնարավոր է, որ մինչ այդ խառնակիչներ չլինեն: Չնայած պետք է ասել, որ արդեն 2 տարի ՀՀՇ հայտնի համագումարից հետո Տեր-Պետրոսյանն անընդհատ պայքարում է խառնակիչների դեմ, բայց նորանոր խառնակիչներ են ի հայտ գալիս:



ՀԳ - Քանի որ ՀԱԿ-ն այդքան հետեւողականորեն զբաղվում է ԲՀԿ քարոզչությամբ, ենթադրվում էր, որ ԲՀԿ-ն էլ ինչ-որ հարցով պետք է ձեռք մեկնի ՀԱԿ-ին: Օրինակ, մասնակցի երեկվա հանրահավաքին, բայց այն ամենասակավամարդն էր վերջին տասնամյակում Ազատության հրապարակում հրավիրվածներից:



 Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ