Դժվար է ճամփան

Դժվար է ճամփան
Խորհրդարանական ընտրություններից հետո, Ճապոնիա մեկնելու նախօրյակին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը դառնում է կուսակցության նախագահի առաջին տեղակալ, բոլոր «հետեւանքներով» հանդերձ` ֆինանսական, կազմակերպչական, համայնքների հետ տարվող աշխատանքների: Ասել է թե, տնտեսական եւ արտաքին-քաղաքական ֆունկցիաներից զատ, որոնք կոորդինացնում են համապատասխանաբար Տիգրան Սարգսյանն ու  Արմեն Աշոտյանը, մյուս բոլոր ֆունկցիաները, որ կոորդինացնում էին տեղակալներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադեւոսյանը, կիրականացնի Հ. Աբրահամյանը եւ այն էլ ՏԻՄ ընտրությունների թեժ օրերին, երբ հանրապետության ամեն միլիմետրի համար անզիջում պայքար է ընթանում հենց ՀՀԿ-ականների միջեւ: Արգամիչը, ինչպես երեւում է,  որոշել է իր լիազորությունները լիարժեք օգտագործել. իր «սիրելիներից» Էդգար Ղազարյանին նա արդեն մարզպետ է նշանակել, հիմա էլ զբաղված է ապագա համայնքային ընտրությունների թեկնածուների «քարտեզագրմամբ»:



Եվ այնուհանդերձ, ՀՀԿ-ում շատերը չեն հասկանում, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց` Հովիկ Աբրահամյանին դարձնելով ՀՀԿ առաջին տեղակալ, երբ հինգ տարի շարունակ նրան դա չէր հաջողվում: Երեք տարի առաջ նա անգամ փորձեց դա անել Դավիթ Հարությունյանի միջոցով, ով ՀՀԿ գործադիր մարմնի աշխատանքային նիստում առաջարկեց Աբրահամյանին դարձնել առաջին տեղակալ, սակայն Սերժ Սարգսյանից «դաբրոն» չստացած ծերակույտը շատ կոշտ դիմադրեց, եւ ՀՀԿ-ն Տիգրան Թորոսյանից հետո  մնաց առանց առաջին տեղակալի: ՀՀԿ-ում պնդում են, որ թե այդ, թե ԱԺ նախագահի պաշտոնն Արգամիչին տրվել է բոնուսով: Նա խոստացել է, որ Ծառուկյանն անպայման պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ին եւ եթե չպաշտպանի, ինչպես ինքը` Աբրահամյանն է ասել, «հրաժարական կտամ բոլոր պոստերից»: