Կրակը տարածվում է

Կրակը տարածվում է
Խոսում են տնտեսական ճգնաժամից, արտաքին պարտքերից, սոցիալական ծանր վիճակից, կոռուպցիայից, բայց ափսոս խոսելը փոփոխությունների գործընթացի հետ չի առնչվում: Քաղաքական դաշտում կարծես մրցույթ է, թե ով ավելի լավ կարող է ներկայացնել ժողովրդի ու պետության թշվառ վիճակը: Մրցանակ ստանալու ակնկալիքով Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերը կուրծք են ծեծում, հետն էլ վրա տալիս՝ պետք է հանգցնել, կրա՜կ է բռնկվել... Օդում զգացվում է այրվող մարմինների խանձահոտը: Պարադոքսալ իրավիճակ է: Կրակ է բռնկվել, եւ շուրջը հավաքվածներն իրենց վերլուծություններով մեկնաբանում են, թե կրակի մարման քանի ձեւ ու ինչպիսի եղանակներ կան: Անգամ ամենադիպուկ վերլուծությամբ կրակը չի մարվում, այն ավելի մեծ տարածքներ է ընդգրկում...



Ուշադիր լինենք հայաստանյան հրշեջների կամ քաղաքական ուժերի մեկնաբանություններին: Բոլորն ընդունում են, որ կա կրակը, որ այրվում է տունը, բայց ոչ մեկը դրանից մի քայլ այն կողմ չի անցնում: Սպասում են, թե ով առաջինն իրեն կնետի կրակը... Օդում կանգնել է սպասման խեղդող հոտը: Եթե անկեղծ՝ հայաստանյան քաղաքական ողջ ներուժը սպառվում է ինչ-որ հրահանգի ակնկալիքով... Սպասում են բոլորը՝ բարգավաճներն ու անբարգավաճները: Հրահանգի են սպասում, մրցանակի են սպասում...  Իսկ մինչ հրահանգը «ձեռի վրա» բոլորը մտքեր են արտահայտում՝  կոռուպցիա, արտաքին պարտք, տնտեսական ճգնաժամ...



Բոլորը հավասար խոսում են՝ առանց մեկը մյուսին լսելու: Խոսում ու սպասում են, թե առաջիկա քաղաքական դաշտում որն է լինելու իրենց տեղն ու դերը: Նախագահականից դերաբաշխում չի՞ կատարվել, ինչո՞ւ են ուշացնում, չէ՞ որ յուրաքանչյուր դեր սերտելու համար ժամանակ է պետք, համապատասխան կանոնների մշակում, բեմական հագուստ... Պատսպարվելով Ազգային ժողովում, ազգային խնդիրնե՞ր են լուծում, թե՞ սեփական խնդիրներն ազգային մակարդակով են լուծում... Ինչի՞ են սպասում, ո՞ւմ են սպասում... Այս կախված լռությունն ու սպասումն անուն ունեն՝ քաղաքական ճգնաժամ: Եվ ուժերը, որ հայտնվել են քաղաքական գորշ ճգնաժամի մեջ, տնտեսական ճգնաժա՞մ են լուծում... Քննադատո՞ւմ են կառավարության ծրագիրը:



Չասե՞ս՝ եղբայրք ընդդիմախոսողներ, խորտակվող ճահճի մեջ ի՞նչ ծրագիր, ի՞նչ նավ: Խորտակվելու պահին ձեր միակ փրկիչը ձեր իսկ կողմից հանցագործ հռչակված իշխանությունն է լինելու, որին եւ ապավինել եք... Տարածությունը ձեր եւ ժողովրդի միջեւ անջրպետային խորություն է ստանում, որովհետեւ ձեր գործունեությամբ դուք նույնանում եք այն իշխանության հետ, որին ավազակապետություն եք անվանում... Վկայությունը՝ իշխանական համընդհանուր դաշտի հետ ջուր ծեծելը... Կասեք, որ դուք քննադատում, բանավիճում եք, բայց չէ՞ որ ձեզանից էլ լավ քննադատում ու հոռի բարքերը «քլնգում» է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մե՞ջն ինչ...



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ