Մի կտրեք ճյուղը, որի վրա նստած եք

Մի կտրեք ճյուղը, որի վրա նստած եք
Վատ, շատ վատ տերմինոլոգիա է սկսել կիրառվել մեզանում, երբ խոսք է գնում մարդկանց՝ կարծիքի արտահայտման, խոսքի ազատության, լրատվամիջոցների գործունեության մասին: Մեկն ասում է՝ «սերժատու» մամուլ, մյուսը՝ «ռոբատու»: Երրորդը լրատվամիջոցների մասին խոսելիս օգտագործում է՝ «այսպես կոչված անկախ լրատվամիջոցներ»: Չորրորդը գրում է՝ «մեկ կենտրոնից» կամ «Բաղրամյանից» կառավարվող, «կոնգրեսական», «միշիկական» եւ այլն: Իսկ ամենից շատ կիրառվում են «պատվեր կատարող», «դեղին մամուլ», «ապատեղեկատվություն» տերմինները: Ամենահետաքրքիրն այն է, որ որոշ լրատվամիջոցներ, պայքարելու փոխարեն, նպաստում են սրան:



Երեկ մեր գործընկերներից մեկը բոլորիս անհանգստացնող հարցադրում էր արել erkir.am կայքում՝ «Ինչու են լրատվամիջոցները հերքում լրատվամիջոցներին» վերնագրով: Ասածի իմաստն այն էր, որ առավոտ վաղ որոշ կայքեր զբաղված են թերթերում տպագրված տեղեկությունները հերքելու գործով. զանգում են հենց այն պաշտոնյային, ում մասին մենք ինչ-որ բան ենք գրել, եւ հարցնում են. «Ճի՞շտ է, որ...»: Սույն պաշտոնյան էլ, բնականաբար, հերքում է գրվածը: Այս՝ թերթերի դեմ ուղղված գործընթացն այնքան էլ անմեղ չէ, այն հեղինակազրկում է ողջ մամուլը, այդ թվում՝ նշյալ կայքերը: Եթե, իհարկե, նրանք հավակնում են լրատվամիջոց կոչվելու դերին: Չէ՞ որ արդյունքում նվազում է հասարակական վստահությունն ընդհանրապես մամուլի նկատմամբ:



Առանց այն էլ մենք շատ «թշնամիներ» ունենք՝ հանձին նշված պաշտոնյաների, կրիմինալ տարրերի, օլիգարխ-մեծահարուստների: Եթե մենք մեր շահի գիտակցումը չունենանք եւ կտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում: Մինչդեռ՝ եթե այս մի քանի լրատվամիջոցներն էլ չլինեին, մեր երկիրն իսկապես ողբերգական վիճակում կհայտնվեր: