Ժողովուրդը ձեզ չի սիրում, որովհետեւ նրանց դուք չեք սիրում

Ժողովուրդը ձեզ չի սիրում, որովհետեւ նրանց դուք չեք սիրում
«Ի՞նչ պետք է նշանակի ձեզ համար կյանքը» գրքում վիեննացի հայտնի հոգեբան Ալֆրեդ Ադլերը գրել է. «Այն մարդը, որը չի հետաքրքրվում իր եղբայրակիցներով, ամենամեծ դժվարությունն է կրում եւ ամենամեծ վնասն է հասցնում շրջապատողներին»: Նման մարդը հաջողության չի հասնի՝ պնդում է հոգեբանը: Կառավարության, նախագահականի շենքերի մոտ համարյա ամեն օր պիկետներ են, չխոսենք հացադուլների եւ այլ ակցիաների մասին: Արդարադատություն ակնկալող մարդիկ սպասում են  այնքան, մինչեւ ինչ որ նախարար դուրս գա, որպեսզի ներկայացնեն իրենց բողոքը: Ու եթե նրանց հաջողվում է «բռնեցնել» մեկին... Չասե՞ս՝ եղբայրք նախարարներ, ո՞րն է ձեր գործը: Ինչի՞ համար եք դուք նշանակվել, երբ չեք կարող ձեր բնագավառի ամենատարրական խնդիրը լուծել: Հետո էլ անմենաբարձր մակարդակով քարոզներ են հնչեցվում՝ սիրեցեք զմիմյանս, ատելությունը հանեք ձեր միջից ու սիրեք մեր իշխանությանը:



Ամոթ չլինի հարցնելը՝ ձեր ի՞նչը սիրեն... Կառավարության շենքի մոտ ծվարած ու հացադուլ հայտարարած՝ զինվորի մայրն ու տատը ձեր ի՞նչը սիրեն... Որեւէ մեկը չէ՞ր  կարող ժամանակին մոտենալ նրանց ու մասնագիտական աջակցություն առաջարկեր: Չէ՞ որ ձեր առջեւ մայրեր են, զինվորի մայրեր, որոնք արդարադատություն են պահանջում... Համոզված եմ, որ զինվորի տատը կոմայի մեջ է ընկել ոչ թե հացադուլի մեջ լինելու, այլ պաշտոնյաների անուշադրության արդյունքում: Պետության մեջ, երբ արդարադատության նախարարը դառնում է անուժ ու նրա խոսքերը հնչում են որպես օդում թափառող դատարկ զնգոց, այդ պետության ի՞նչը սիրել... Եվ զուր չէր հնչում կանանցից մեկի խուլ դժգոհությունը՝ «Սրանք ողջ ազգին են կոմայի մեջ գցելու»:



Եվ հենց այստեղ, ուզում եմ ընդմիջել եւ ասել` ժողովուրդը ձեզ չի սիրում, որովհետեւ նրանց դուք չեք սիրում: Ինչու՞ Հայաստանում պաշտոնյա դառնալուց հետո մարդը կորցնում է մարդու հետ վարվելու, մոտեցում դրսեւորելու կուլտուրան: Մի անգամ Ռուզվելտը Սպիտակ տուն մտավ, երբ պրեզիդենտ Թաֆտն ու նրա կինը ինչ որ տեղ էին գնացել: Նրա անկեղծ վերաբերմունքը հասարակ մարդկանց  հանդեպ երեւում էր այն բանում, որ նա Սպիտակ տան բոլոր սպասավորներին անունով էր ողջունում՝ նույնիսկ աման լվացողներին: «Երբ նա տեսավ աման լվացող Ալիսային,- գրում է Արչի Բատը,- հարցրեց, թե նա առաջվա նման եգիպտացորենի հաց թխու՞մ է: Ալիսան պատասխանեց, որ երբեմն թխում է սպասավորների համար, բայց  վերեւի հարկում դրանից որ ոք չի ուտում: Նրանք վատ ճաշակ ունեն, երբ տեսնեմ պրեզիդենտին, կասեմ այդ մասին,- ասում է Ռուզվելտը»:



Ալիսան նրան ափսեի մեջ դրած մի կտոր եգիպտացորենի հաց բերեց, եւ նա ուղղվեց գրասենյակ՝ ճանապարհին ծամելով ու ողջունելով իրեն հանդիպող այգեպաններին ու բանվորներին: Ալիսա Հուվերն արցունքն աչքերին հայտարարեց. «Դա մեզ համար մի ողջ կարողություն էր»: Ինչպե՞ս կարող էին ծառայողները չսիրել նման մարդուն: Ինչպե՞ս կարող էր որեւէ մեկը չսիրել նրան... Իսկ մեր պաշտոնյաների ի՞նչը սիրեն... Կառավարության գաղտնի նրբանցքներով փախու՞ստը, ժողովրդին արհամարհե՞լը, մարդու ցավին անտարբեր լինե՞լը... Թե նրանց թվում է, որ Ռուզվելտից նշանավոր են ու գնահատելի... Նրանք դեռ իրենց գոյության ընթացքում մաքրել են ժողովրդի հիշողության մեջ մնալու գիրը ու եթե մեկն էլ հիշի, կնճռոտելու ու թթվեցնելու է դեմքը:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ