Երեւանի կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր

Երեւանի կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության եւ միջակայքերի  մասին: Այս տեղեկությունը հրապարակվել է այսօր քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:



Հավաքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել հեղեղատարների վիճակը, գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքներն ու երկրորդական փողոցները, որտեղ նկատվում են անձրեւաջրերի կուտակումներ:



Սահմանված ժամկետից շուտ կավարտվեն մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների բարեկարգման, ներկման եւ լվացման աշխատանքները, ավարտվում են վարչական շրջաններում ընթացող բակերի բարեկարգման եւ մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները՝ կտեղադրվի 74 մանկական խաղ եւ 400 մարզական գույք:



Քամիների ժամանակ ծառերի  հնարավոր տապալումներից խուսափելու նպատակով  քաղաքապետը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած ծառերն ու կատարել սանիտարական էտում:



Ծառերի կրապատման եւ բուժման աշխատանքներն ակտիվացնելու համար հանձնարարվել է այդ աշխատանքներում, ցանկության դեպքում, ներգրավել հասարակական կառույցներին:  Մայրաքաղաքի շատրվանների վերագործարկման նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բանակցությունները ներդրողների հետ: «Երքաղլույսը» շարունակում է այգիների եւ պուրակների  տարածքները վարձակալած տնտեսավարողների հետ համատեղ այդ տարածքների գիշերային լուսավորության ապահովման եւ եղած թերությունների վերացման աշխատանքները: Զուգահեռաբար բանակցություններ են ընթանում համապատասխան կառույցների հետ` այգիներում եւ պուրակներում WiFi համակարգի տեղադրման ուղղությամբ:



«Բնակիչների հանգստի կազմակերպման համար պետք է ապահոված լինեն բոլոր պայմանները: Չլուսավորված այգի, պուրակ կամ բակ մայրաքաղաքում պետք է չունենանք»,- նշել է Տարոն Մարգարյանը: