Արձագանք` «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական Ուրբաթ» հաղորդաշարին

Արձագանք` «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական Ուրբաթ» հաղորդաշարին
«Կենտրոն» հեռուստաընկեության «Հայկական ուրբաթ» հաղորդման քննարկման թեման սերիալներն էին: Բատաստեղծներ Մարինե Պետրոսյանն ու Վիոլետ Գեւորգյանը կողմ էին սերիալներին, հոգեւորական Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ դեմ: Հաղորդումից հետո սերիալների կողմակիցների դեմ կարծիքների տարափ ու հեղեղ է սկսվել: «Հրապարակը» ստացել է «Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպություն Կենտրոնական գրասենյակի» արձագանքը, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:



«Զարմանքս մեծ էր. վերջապես գտնվեցին մարդիկ, ովքեր  հեռուստաէկրաններում տիրող ցածրորակ արտադրանքից դժգոհելով, գործնական քայլերի անցան: Այսինքն, ինչպես շատերս` դժգոհելով չմնացին «խոհանոցային» խոսակցությունների մակարդակին, այլ փորձեցին փոխել ստեղծված իրավիճակը եւ էական փոփոխություններ մտցնել հայ ժողովրդին հրամցվող ամենօրյա «քարոզ»-ում:



Այո՛, դարը փոխվել է: Եկեղեցական քարոզների փոխարեն այսօր տանից դուրս չգալով` մարդը կարող է ոչ միայն «ունկնդրել», որն ավելի դժվար է, այլեւ «դիտել», որն ավելի դյուրին է, թե ինչպես կարելի մարդուն... խաբել: Անփորձ միամիտ հարսներին քարոզվում է ոչ թե հնազանդ լինել սեփական ամուսնուն, այլ գենդերական ծրագրերով ոգեշնչված` նույնիսկ սուրճ չպատրաստել ամուսնու համար: Երիտասարդ տղաներին քարոզվում է, թե ինչպես կարելի հեշտ հարստանալ յուրայիններին եւ մտերիմներին, կներեք, «քցելով»: Ավելին` կյանքի դժվարությունները հաղթահարելու փոխարեն ձեզ կհրամցվեն ձեւեր եւ մեթոդներ, թե ինչպես հաշիշ ծխել կամ թմրանյութեր ներարկել սեփական մարմնի մեջ: Դեռ չկայացած սադիստներին սպանության բազմազան ձեւեր եւ մեթոդներ են մատուցվում  գրեթե ցանկացած ֆիլմում: Շարունակե՞մ…



 



Ասում են, թե  «Նյութ չկա, ինչի՞ մասին գրենք»: Եվ սա ասում են նորօրյա «պրոֆեսիոնալները», որ զավթել են եթերը, եւ միայն մեծ ծանոթությամբ այնտեղ կարող է հայտնվել որեւէ նոր տաղանդավոր սցենարիստ, ռեժիսոր, դերասան, հաղորդավար եւ այլն, եւ այլն, եւ այլն….



 



Զարմանում եմ: Բոլորիդ հրավիրում եմ Եռաբլուր: Եկե՛ք և նայե՛ք ժամանակից շուտ ծերացած մայրերի ճերմակ մազերին, զոհվածների եղբայրների տղամարդկային զուսպ արցունքներին, այրի դարձած հայ գեղեցկուհիներին, ում մարգարիտ-արցունքները կենարար ջրի հետ եւ պես, ամեն կիրակի վարդաթերթիկներից կախվում են որպես իսկական չմարող սիրո խորհրդանիշ: Կյանքը նրանց դարձրեց ինքնաբավ. նրանք կարիք չունեն ո՛չ ուրիշի կարեքցանքի, ո՛չ ուրիշի սիրո: Այդ դարձյալ մե՛զ է հարկավոր` նրանց կողքին կանգնելով խորհել կյանքի, սիրո մասին: Սա՛ է այն տեղը, որտեղից հայ սցենարիստները պետք է ոգեշնչման նյութեր քաղեն, իսկ հաղորդավարուհիները, ովքեր մտահոգ ասում են` «Չես իմանում,  ում կանչես եթեր», զոհված ազատամարտիկների մայրերին, այրիներին, քույրերին եւ եղբայրներին հրավիրեն իրենց տաղավարներ, ուր կհնչի չհորինված, իսկական կյանքի պատմություն: Միայն Եռաբլուրում պառկած մեր տղաների մասին մեկական ֆիլմ կամ հաղորդաշար պատրաստելու դեպքում մեր բոլոր հեռուստաալիքները ապահովված կլինեն «նյութով» առաջիկա հարյուրամյակում:



Իսկ մեր մանուկների համար կարելի է մուլտիպլիկացիոն ֆիլմեր նկարել մեր պատմության մասին: Թող դա լինի մի մեծ հաղորդաշար` «մանկական մուլտիդարան» եթե կամենաք: Չէ՞ որ մուլտիկներով ոչ միայն կկրթենք նրանց ամենափոքր տարիքից, այլեւ կթեթեւացնենք նրանց ուսերի բեռը բարձր տարիքում, երբ ինֆորմացիոն տարափի մեջ նրանք դեռ պետք է հասցնեն հանձնել ավարտական քննություններ դպրոցում, ԲՈւՀ ընդունվել: Միգուցե երեխա՞ն, ով իր մանկական տարիքի հերոսին նմանվելու ցանկությամբ ոգեշնչված, ավագ տարիքում արդեն վերլուծելով այդ հերոսի ոչ միայն հաղթանակները, այլև պարտությունները` համապատասխան հետեւություններ անելով` ազգին պիտանի պետական այր կդառնա:



Մեր ազգը շատ խելացի եւ տաղանդավոր է: Այդ բոլորս ենք ընդունում: Բայց դա միայն «պոտենցիալ» է, որը կարիք ունի հղկման, ինպես թանկարժեք քարը հմուտ վարպետի ձեռքում: Այսօր երկրագունդը բնակեցված է 7 միլիարդ մարդով: Տարբեր են դավանանքները, կան անհավատներ, հավատացյալներ, որոնց բանակը դարձյալ բազմազան է: Սակայն մշտական են տիեզերքում սահմանված օրենքները բոլորի համար. ուզում եք արբանյակ բաց թողեք Բայկոնուրից, կամ Աֆրիկայում` դեռ կոկորդիլոսին աստվածության տեղ պաշտող որեւէ ցեղի տարածքից, միևնույն է` ձգողական ուժը պետք է հաղթահարվի եւ՛ այնտեղ, եւ՛ Բայկոնուրում: Այդպես էլ` դաստիարակության դեպքում. «ներքեւ» քաշող ձգողական ուժը պետք է հաղթահարվի: Եվ թե ինչպիսի սերունդ կունենանք, կախված է հենց այս դաստիարակությունից:

Հաղորդման մեջ հնչեց կարծիք, որ ցածրորակ հեռուստաեթերով անհանգստացած մարդիկ կհանգեցնեն ցենզուրայի, որը իշխում էր Սովետմիության տարիներին: Սակայն երեկ` ազատ անկախ Հայաստանում խոսքի ազատություն ձեռք բերած վայ «բանաստեղծուհիները»,  բոլոր հեռուստադիտողներին մատուցելով մի յուրովի «մաստեր կլասս»` փողոցում «կանաչի ծախող» վաճառողների պես, չխնայելով սեփական կոկորդները ոչ միայն ընդհատում էին միմյանց, այլեւ չզիջելով միմյանց` խոսում զուգահեռ, նույնիսկ չլսելով միմյանց: Այսինքն, սա՞ պետք է յուրացնենք եթերից, սա՞ է այսօրվա հայուհու օրինակելի կեցվածքը:



Ի դեպ, որպես ամենասովորական մի հայուհի, ուզում եմ հարցնել, արդյոք կարելի՞ է հեռուստաեթերից հայ մարդուն` մատնանշելով Կոմիտաս վարդապետ Հովնանյանին,  անվանել  թուրքական հատուկ ծրագրեր իրագործող եւ  թուրքական գործակալ ու մնալ անպատիժ: Թո՞ւյլ է տրվում արդյոք եթերից հեգնել նման պիտակավորումներով:



Եթե այո, ուրեմն  երիտասարդների նամակ-մտահոգությունը ճիշտ տեղին ու ժամանակին է, եւ մեր իրավական մարմինները պարտավոր են շուտափույթ մշակել օրենքներ եւ ակտեր, որպեսզի հայ մարդու արժանապատվությունը ոչ ոք` գրագետ , թե անգրագետ, իրավունք չունենա ոտնահարել: Անպատժելիությունը միշտ էլ նորանոր հանցանքների աղբյուր է դառնում: Անձը, ով հեռուստաեթերից ավանդապահ հայ տղաների արարքը համեմատեց թուրքերի կատարած ցեղասպանության հետ, երեկ արդեն հեռուստաեթերից ոտնձգություն արեց հայ հոգևորականի դեմ: Վերջը՞…



Ալլա ՀԱԿՈԲՅԱՆ