Հերոսական քա՞յլ, թե՞ թատրոն

Գրեցի. «Իսկ եթե մայորը գեներալ է ուզում դառնա՞լ»… Օգտատերերից մեկը գրեց. «Ճանաչում եմ Վարդանին: Մեր հարեւանն է՝ բոլորին հասնող, առաքինի»: Գուցե սխալվո՞ւմ եմ՝ մտածեցի: Զինված ուժերում ոչ միայն Վարդանն է աշխատում, այլ նաեւ իր ընտանիքը՝ հայրը, եղբայրը: Ամուր հիմք ունեն, վստահելի պետք է որ լինեն: Վարդանը չէր կարող կասկածի տակ դնել ողջ ընտանիքի կարիերան՝ «Հարսնաքարը» պայթեցնելով: Նա հուսահատված, բարոյալքված, իշխանություններից նեղացած լինելու հիմք չուներ, որովհետեւ ողջ ընտանիքին վստահված էր աշխատելու զինված ուժերում:
Բացառվում է այդ բնագավառում աշխատողի էմոցիոնալ, զգացմունքային լինելն ու տաք գլխով պահի տակ գործելը: «Հարսնաքարի» սահմռկեցուցիչ պատմությունը կարող էր նոկաուտի մեջ գտնվող ժողովրդին արթնացնել: Վտանգավոր էր. հարկավոր էր բնում հապճեպ խեղդել ընդվզումը: Ու կիրառվեց չհաջողված եւ հավաստիությամբ խիստ կասկածելի այդ «օպերացիան»: Վարդանը ժողովրդի աչքում կդառնար հերոս, իսկ ժողովրդի ուշադրությունը կշեղվեր բուն թեմայից: Փոխարենը ժողովուրդը կպահանջի հերոս ու ազգի վրեժխնդիր Վարդանի ազատ արձակումը: Կկազմակերպվեն երթեր, պիկետներ, երկրորդային դերերում կհայտնվեն եւ «Հարսնաքարը», եւ Ռուբեն Հայրապետյանը, եւ Վահե Ավետյանը…
Սերիալային Հայաստանում իրական կյանքն էլ վերածվել է սերիալի: Միայն թե իրական կյանքի սերիալներում էլ տրամաբանություն չկա, այլապես ինչո՞վ բացատրել, որ վրեժխնդրության ծարավ, նռնակներով զինված մայորը հարկ է համարել բացահայտելու, որ ցանկություն ունի պայթեցնելու «Հարսնաքարը»: Գուցե ավելի ճիշտ կլիներ մեղմորեն շշնջար. «Կներեք, սիրելի գործընկերներ, ձեռքերս բռնեք, որ չպայթեցնեմ»: Նման վտանգավոր քայլ ձեռնարկող մարդը, առավել եւս պաշտոնյան, կշտապեր րոպե առաջ իրագործել պլանը, այլ ոչ թե երեք ժամ կբանակցեր ոստիկանության հետ, վերջում էլ կհանձնվեր՝ իմանալով, որ դրանով վերջ է դրվելու եւ իր, եւ ընտանիքի կարիերային: Եթե այդքանը ճիշտ է, տրամաբանական հաջորդ քայլը պետք է լինի Վարդանի ընտանիքին զրկելը զինված ուժերում աշխատելուց…
Բայց Հայաստան աշխարհում հուսահատված, հուսալքված մեկի մտքով նման բան չանցա՞վ, մեկի «դուխը» չհերիքե՞ց՝ բարեկեցիկ կյանքով ապրող Վարդանի դո՞ւխը հերիքեց… Հանկարծ այնպես չստացվի, որ օլիգարխներից մեկն էլ, «Հարսնաքարի» սպանությունից ազդված, ինքնասպանություն գործի… Ժողովրդի փոխարեն մարտի է գնում օլիգարխիան ու… զինված ուժերը…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարծիքներ