Առաջարկ երեքին

Առաջարկ  երեքին
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, դատաիրավական ոլորտի բարեփոխումների առավել արդյունավետ ծրագիր մշակելու համար, հրապարակային քննարկման առաջարկ արեց արդարադատության երեք նախարարներին՝ Դավիթ Հարությունյանին, Գեւորգ Դանիելյանին եւ ներկայիս նախարար Հրայր Թովմասյանին, քանի որ, օմբուդսմենի խոսքով, այդ համակարգում բաց կա: «Այս երեք հոգին կողմնակալ չեն եղել: Այս երեք մարդը դատաիրավական համակարգը կայացրել են այնպիսին, ինչպիսին ունենք: Հիմա մենք՝ հասարակությունը, պարտավոր է պահանջել նրանցից ստանալ լուծումները եւ գտնել ավելի լավ լուծումներ: Այդ մարդիկ եւ մասնագետները պետք է մեզ օգնեն, որպեսզի այնպիսի ծրագիր ունենանք, որ «Հարսնաքարի» նման դեպքերում հասարակությունը ոչ թե ցնցումների մեջ ընկնի, այլ պետք է սպասի դատաիրավական համակարգի արդար լուծումներին»,-ասաց Կարեն Անդրեասյանը:



Նշենք նաեւ, որ երեկ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Երեկ արդարադատության առաջին նախարար Դավիթ Հարությունյանից փորձեցինք պարզել՝ կընդունի՞ օմբուդսմենի առաջարկը եւ պատրա՞ստ է նրա հետ մի սեղանի շուրջ քննարկել դատաիրավական ոլորտի բարեփոխումների ծրագիրը: «Ցանկացած ողջամիտ առաջարկություն ինձ համար ընդունելի է»,-ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ներկայիս ծրագիրը բավարար է առաջնահերթ խնդիրները լուծելու համար: