Վահե Ավետյանն օլիգարխիային հանդուրժելու գինն է

Մարդիկ որոշել են ընդվզել, եւ դրա վկայությունը Վահեենց տուն տանող ժողովրդի ինքնաբուխ թափորն էր: Սա ոչ ընդդիմության միտինգն էր, ոչ էլ Վահեն էր ընդդիմության գաղափարակիցը, որ հազարավոր քաղաքացիներ նրա հետեւից գնային, պարզապես ՀՀ քաղաքացիների ըմբոստացումն էր բեսպրեդելի դեմ: Տպավորություն էր, թե մարդիկ Վահեի մահվան լուրը լսելուց հետո նետվել են ինքնապաշտպանական մարտի: Շաբաթ օրը երեկոյան նախ մոմավառություն կազմակերպեցին տխրահռչակ «Հարսնաքար» ռեստորանի մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի:
Իսկ գերեզման հիշեցնող ռեստորանի ներսում հարսանիք էր: Ներկաները սարսռել էին հարսանքավորների անսրտությունից, որ այդ անիծյալ օբյեկտում, այն էլ Վահեի հոգեհանգստի օրը, հարսանյաց հանդես էին նշում: Մինչդեռ այն պետք է սեւ ժապավեններով ու ցավակցական խոսքերով պատված լիներ: Նույնիսկ ռեպլիկներ եղան, թե Նեմեցի թասիբին են կանգնել, թե չէ այլ բացատրություն չկա: «Նեմեց, մարդասպան»,-վանկարկում էին ափերից դուրս եկած, ոչ մեկի «ախրանայից» չվախեցող քաղաքացիները: Իսկ կիրակի օրը բողոքի ցույցը շարունակվեց քրեաօլիգարխիկ համակարգի հովանավոր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ:
Երեկ կեսօրին էլ «Ես Վահե Ավետյան եմ» թեւկապներով հարյուրավոր քաղաքացիներ բողոքի երթ էին կազմակերպել Ազատության պողոտայով դեպի Վահեենց տուն: Ողջ թաղամասը ողողված էր զինվորականներով, ծաղկեպսակներով, անկեղծ սգացող մարդկանցով… Շա՜տ տխուր էր… մարդիկ չգիտեին՝ Վահեի հեռանալու համա՞ր են սգում, թե՞ երեւույթի, որ դեռ էլի Վահեներ կարող է խլել, եթե այս կորստով չզարթնենք թմբիրից ու չպայքարենք մեզ ծեծողների, խոշտանգողների, սպանողների դեմ: «Վահեն մեր լռության, հանդուրժողականության գինն է: Հանուն մեր երեխաների, հանուն Վահեի փոքրիկների մենք պետք է պայքարենք քրեական տարրերին հովանավորողների դեմ, մենք պետք է ճզմենք իշխանավոր հանցագործներին, ովքեր կփորձեն բռունցքներով սպառնալ, մենք մի մարդու պես փողոց դուրս գալով՝ պետք է պաշտպանենք մեզ, քանի դեռ պետության պաշտպանյալները նեմեցներն են…»,-այսպես էին ասում «Ես Վահե Ավետյան եմ» վանկարկողները:
ՀԳ - Վահե Ավետյանի հուղարկավորությանը մասնակցում էր նաեւ Նեմեցին բազմիցս սեղանակցած, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ով երեկ լրագրողներին զարմացրեց իր զգացմունքայնությամբ: Երբ տեղի ունեցած ողբերգությունից հարցրեցին, նա անհասցե հոխորտաց. «Ես վերջին անգամ նախազգուշացնում եմ բոլորին` մատով չփորձեք կպնել բանակին` լինեն ձեր թիկնապահները, թե զինված մարդիկ: Անպատժելիությունը պետք է վերանա»:
Բայց չէ՞ որ Վահեն ադրբեջանցու գնդակից չի զոհվել: Եվ Վահեին չեն պատժել զինվորական լինելու համար: Դեռ հարց է՝ եթե տղաները զինվորական համազգեստով լինեին, արդյո՞ք «ախրանան» կհամարձակվեր այդպես վարվել: Սա շարքային քաղաքացու անպաշտպանությունն էր օլիգարխի ու նրա «հաբռգած» շրջապատի առաջ: Ի դեպ, մեր տեղեկություններով, պաշտպանության նախարարի շրջապատը որոշել էր հուլիսի 1-ին մեծ շուքով նշել նրա ծննդյան 50-ամյակը, սակայն նախարարն այնքան պարկեշտություն է ունեցել, որ հրաժարվել է խնջույքից եւ այդ օրն անցկացրել է Ղարաբաղում՝ ծնողների հետ:
Կարծիքներ