Եթե մարդն իր տեղում եղավ, եթերային աղբ չի լինի

Եթե մարդն իր տեղում եղավ, եթերային աղբ չի լինի
Տեղեկացա, որ Սերժ Սարգսյանը, արձագանքելով մտավորականների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նամակին, Հանրային խորհրդին հանձնարարել է հեռուստատեսային եթերի նոր քաղաքականություն մշակել: Ստացվում է, որ իշխանությունն էլ կողմ է, որպեսզի հեռուստաեթերով ագրեսիվ, քրեածին եւ հակասոցիալական նյութեր չհրապարակվեն: Մեկը մեկին մորթող, նվաստացնող, ցածրորակ բովանդակությամբ սերիալներն ու հաղորդումները դուրս կմղվեն եթերից: Չանդրադառնալով Հանրային խորհրդի, տարբեր հանձնաժողովների մինչ այժմ կատարած աշխատանքների «արդյունավետությանը», հարցին կփորձեմ մոտենալ այլ տեսանկյունից: Ամենավատ սերիալը, եթե անկեղծ լինենք, մեր կյանքն է: Ամեն քայլափոխի ինքնասպանություն, դաժան սպանություն, մասնատում, հիմա էլ ականատես ենք լինում ընտանյոք հանդերձ ինքնասպանությունների, ինքնապայթեցումների… Դա էլ հո սերիա՞լ չի, որ ասվի՝ դաստիարակչական ձեւով չի նկարվել, բերենք՝ փոխենք կամ հավատանք, որ փոխենք:



Սոցիալական ցանցերում օգտատերերից մեկը գրում է. «Իմ ընկեր Համլետը տեղը չի գտնում ինքնասպանությունների աճի առումով, եւ դա նորմալ է ու մարդկային. աննորմալ է, որ կառավարությունը որեւէ ձեւով չի արձագանքում դրան: Չնայած դա վարչապետին հաստատ ձեռնտու է, քանի որ սովորաբար երկիրը կամ կյանքը լքում են առավել հուսահատված եւ «վճռական» (թեկուզ բացասական նշանով) մարդիկ. եթե մնան` պիտի հեղափոխություն անեն, չէ՞ (վարչապետն է խոստովանել), ուրեմն ավելի լավ չի՞, որ գնան… Իսկ ի՞նչ տարբերություն իր համար, թե ուր»… Մի ուրիշն էլ արձագանքում է. «Մի քանի տարի առաջ էլ մեր վարչապետը հրապարակայնորեն հեռուստացույցով նշեց, որ մեր հանրապետությունում շեշտակի աճել է ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների վաճառքը, որը դրական է ազդում մեր բյուջեի վրա. նա հայտնեց դա իբրեւ լավ լուր, ողջունելի իրականություն»:



«Դժվար ապրուստ» սերիալից պակա՞ս սերիալ է: Մեկ ուրիշ օգտատեր էլ գրում է. «Եվրոպաներում կատարելագործվեցի, եկա Հայաստան ու համոզվեցի, որ այստեղ այլ հատկանիշներ պիտի կատարելագործվեն, որ տեղ գտնես: Ի՞նչ է մնում… Ինքնասպանությո՞ւն, թե՞ ուրիշ տեղ հայրենիք գտնել: Ինձ համար մեկ է»: Սա է մեր իրական կյանքը, եւ մեր մտավորականներն ու հասարակական կազմակերպություններն առաջին հերթին այս իրական ու սահմռկեցուցիչ սերիալների գոյությունը չպիտի հանդուրժեն եւ ոչ թե արտացոլանքը: Հայելին փշրելով՝ պատկերը չի վերանում… Եվ վերջապես բավական է իրար ու ինքներս մեզ խաբելով ապրենք…



Հեռուստաեթերը մաքրելուց առաջ պետք է կարողանալ գնահատել մարդուն՝ որպես արժեք: Եվ եթե այդ արժեքն իր տեղում եղավ, եթերային աղբ չի լինի: Ծանոթուհուս աղջիկը, ով բժշկական գիտությունների թեկնածու էր ու հրաշալի մասնագետ, իր տեղը չգտնելով, Կանադա գաղթեց: Առաջին նամակը, որ գրեց մորը, այսպիսին էր. «Մայրիկ ջան, առաջինը՝ ինձ լիարժեք մարդ եմ զգում»: Ի՞նչ ասեմ, եթեր փոխելով՝ մեր կյանքը չի փոխվի, որն ապրում ու ճաշակում ենք օրվա մեջ լիարժեք 24 ժամ:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ