ԻԱԿ-ն ընդդեմ ԲՀԿ-ի եւ ՀԴԿ-ի

Կազմակերպությունից տեղեկացանք, որ ԱԺ ընտրություններին մասնակցող ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՀԴԿ, ՀԿԿ, ՀՀԿ, ՄՀԿ, ՕԵԿ կուսակցություններին ու ՀԱԿ դաշինքին 25.04.2012թ-ին նախընտրական քարոզարշավ իրականացնելու ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցումներ են ուղարկվել, որին պատասխանել են վերոնշյալ բոլոր կուսակցությունները՝ բացառությամբ Բարգավաճ Հայաստան եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների, ինչպես եւ՝ ՀԱԿ դաշինքի: Հարցումներին չպատասխանած կուսակցություններին եւ ՀԱԿ դաշինքին ԻԱԿ-ն ուղարկել է նաեւ կրկնակի հարցումներ, որոնք նույնպես մնացել են անպատասխան:
ԻԱԿ-ը դիմել է դատարան՝ խնդրելով Բարգավաճ Հայաստան եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցություններին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրելու հայցված տեղեկատվությունները հետեւյալի մասին.
1. Իրենց կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար են ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:
2. Ծախսած գումարներից որքա՞նն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:
Հիշեցնենք, որ 2008թ. ԻԱԿ-ը դիմել էր դատարան ընդդեմ ՀԱԿ դաշինքի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, սակայն չնայած այն բանին, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի` դաշինքը որոշակի իրավունքներով եւ պարտականություններով օժտված մարմին է, դատարանը օրենսդրական կազուսի արդյունքում գտել էր, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը պատշաճ պատասխանող չէ:
Կարծիքներ